Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել

Դեկտեմբեր 13,2017 14:02

Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ներառված է մի ուշագրավ նախագիծ, որով ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է թույլատրել այս կառույցին դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ –ի հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը: Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ` պայմանագրի դադարեցմամբ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, եւ կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:

Այս որոշման նախագծում ուշագրավն այն է, որ պայմանագիրը դադարեցվում է, քանի որ ՌԴ սահմանապահ զորամասի ղեկավարությունը թույլ չի տվել իր կողմից վերահսկվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարել:

Այս նախագիծը օրակարգում է ներառվել որպես չզեկուցվող որոշում:

Նախագծում նշված է՝

«էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար 21.04.2017թ. կնքված գնման պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ էր սահմանվել 21.05.2017թ. եւ գործընթացն ապահովելու համար Կոմիտեի եւ կապալառու կազմակերպության միջեւ կնքված համաձայնագրով՝ հիմք ընդունելով պայմանագրի 8.4 կետը պայմանագրի կատարման ժամկետը երկարաձգվել էր մինչեւ 21.06.2017թ.: Աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջեւ նշված հատվածում աշխատանքների կատարման եւ ավարտման համար»:

Նախագիծը վաղը, ըստ նիստի օրակարգի, ներկայացնելու է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որը, ինչպես նախագծում է գրված, խոստովանում է՝ «Աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել»: Եվ հենց այս հիմնավորմամբ էլ առաջակվում է դադարեցնել պայմանագիրն ու կողմերին ազատել պարտավորություններից, քանի որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետեւանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները:

«Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,-գրված է որոշման նախագծում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ says:

    այսինքն՝ Հայաստանի կառավարությունն ինքնիշխան չէ անկախ Հայաստանում եւ պիտի աղերսի վերադաս օկուպացիոն զորամասի պետի թույլտվությունը …
    Կա՞ ավելի նվաստեցուցիչ բան, քան թե որ երկիրը հանձնել են գաղութարարին
    Ապագաղութացում

  2. Vardges says:

    Ժողովուրդ էս ռուսները լրիվ լկտիացել են, սրանց սանձը քաշել է պետք, սրանց զորամասը պետք է սոված թողնել, սննդամքերքի մատակարարում չանել, որ խելքները գլուխները հավաքեն…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031