Կան քաղաքականամերձ դիպվածներ, որ երբեմն շատ ավելի լայն արծարծումների առարկա են դառնում եւ արձագանքներ հարուցում, քան բուն քաղաքական անցուդարձը:
Տվյալ դեպքում խոսքն ամենեւին էլ կուլիսային դիպվածների կամ խոսակցությունների մասին չէ, այլ միանգամայն բացեիբաց արված, անգամ՝ տեսագրված հարցուպատասխանների, գուցե անգամ ռեպլիկների: Սովորաբար նման դիպվածներ հաճախ են արձանագրվում Ազգային ժողովի նիստերի օրերին՝ խորհրդարանի ճեմասրահում կամ միջանցքներում որեւէ պատգամավորի «բռնացնելու» հրաշագեղ առիթով:
Երեկ, օրինակ, մի պահ ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Շրջապատած թղթակիցները փորձեցին իմանալ պատգամավորի կարծիքը համայնքապետերի ու հնարավոր չարաշահումների անթույլատրելիության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս արած հայտարարությունների մասին:Ինչ-որ մեկը «ոռոգման ջրի փողի» մասին հիշատակեց ու.
– Համայնքապետը ջրի հարցի հետ կապ չունի վափշե: Էտի ջուր ծախողներն էլ ջրի փողերը հավաքում են: Պրիչոմ տուտ համայնքապետերը,- տարակուսեց Սեյրան Սարոյանը:
Համայնքապետերի վերաբերյալ նրա դիտարկումները պակաս հետաքրքրական չեն.
– Շատերը դաժը գրագիտություն չունեին: Ազգովի շատ էին, իրանց ազգությունը շատ էր, գյուղում դառնում էին գյուղապետ: Ու էդ փողերը ոչ թե ծախսում էին նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին: Հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել երեւի նախագահի ասածը, այլ որ էդ փողերը չի կարելի փոշիացնել, չի կարելի փչացնել…
– Բայց ասաց՝ տուն տանել…
– Դե բա որ փչացնում ա, մի բան էլ պիտի տուն տանի, էլի,- ասաց Սեյրան Սարոյանը:
Ու այդ պահին հարց տրվեց վերջին թանկացումների մասին: Պատգամավորն իր ոճին հավատարիմ մնաց.
– Դե, որ ամոթ ունենան, էդ չեն թանկացնի: Գետի՛նը մտնեն: Էդքան հարստանալ պետք չի, էլի: Օլիգարխ չէ, ով ուզում ա ըլնի…
Ճեպազրույցն ավարտվեց: Թերեւս երկուստեք գոհունակությամբ: Սեյրան Սարոյանը համեմատաբար «լավ պրծավ», դե, իսկ կայքային դիտումներն ապահովված են՝ «օլիգարխ չէ, ով ուզում է՝ լինի»:
Ի դեպ, վերը նշված մերձքաղաքականի շրջանակներում երեկ ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ խոշոր սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նոր «ոճ» է որդեգրել, այսպես ասենք՝ ճեմելով է պատասխանում իր հետեւից հասնել ձգտող թղթակիցներին: Հընթացս:
Ու լավ-լավ բաներ է ասում, օրինակ. «Ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի»: Ի՞նչ է անում դրա համար: Պարզ է, թերեւս. «Դրա համար աշխատատեղ եմ ստեղծում»: Մի խոսքով:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում