Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած Սմբատ Բարսեղյանի՝ «մի կրակի» նախազգուշացմանը, ոստիկանը կրակել է». քննչական գործողություն

Դեկտեմբեր 13,2017 13:21

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր սկսվեց գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հրապարակման փուլը:

Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյան ընթերցեցին օգոստոսին կատարված քննչական գործողության արձանագրությունը:

Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի մասնակցությամբ գործողությունն իրականացվել է ՊՊԾ գնդի տարածքում: Բարսեղյանը չի ցանկացել մատնացույց անել, թե կոնկրետ որ հատվածից են «Սասնա ծռեր» խմբի անդամները մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք: Նա ցույց է տվել միայն շենքի այն հատվածը, որով ինքն է առաջ շարժվել եւ փոխհրաձգության մեջ մտել ոստիկանի հետ:

«Ոստիկանը, չնայած Սմբատ Բարսեղյանի՝ «մի կրակի» նախազգուշացմանը, Բարսեղյանի պատմելով, կրակել է, ինքն էլ թաքնվել է պատի անկյունում: Բարսեղյանը նշել է, որ ոստիկանի կրակոցներից որովայնի հատվածում վնասվածք է ստացել, ինքն էլ կրակել է ոստիկանի ուղղությամբ»,-ասվում է արձանագրության մեջ:

Սմբատ Բարսեղյանը քննչական գործողության ժամանակ նաեւ հայտնել է, որ կրակել է ինքնաձիգով, եւ, առհասարակ, զենքի տեսակները տարբերում է:

Ամբաստանյալը, ինչպես նշված է արձանագրությունում, հայտնել է, որ ոստիկանի արձակած կրակոցներից միայն ինքն է վիրավորվել:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին, բացի ապօրինի զենք-զինամթերք կրելու, շենք-շինություն զավթելու եւ պատանդ պահելու մեղադրանքներից, երկու ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031