«Իմ ու գեներալի հարաբերությունները շատ լավ են: Եթե դուք չխառնեք մեր հարաբերությունները շատ լավ կլինեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մամուլում լուրեր կային, որ իր եւ գեներալ Սեյրան Սարոյանի հարաբերությունները լարված են: «Մամուլի սաղ սուտլիկ բաները դուք եք գրում»,- ասաց Սամվել Ալեքսանյանը`պատասխանելով հարցին, թե ինքը գեներալ Սեյրան Սարոյանի գործարանի արտադրած օղիները չի տարել Քրդստան, որովհետեւ դա կվնասեր իր բիզնեսին:
Երեկ Սեյրան Սարոյանն ամոթանք էր տվել նրանց, ովքեր թանկացնում են առաջնային օգտագործման ապրանքները: Սամվել Ալեքսանյանն ասում է. «Ճիշտ է ասել գեներալը, ով որ թանկացրել ա, ճիշտ է ասել»: Լրագրողներից մեկը հարցրեց`դուք չե՞ք կարագի հիմնական ներկրողը: Մինչ Սամվել Ալեքսանյանը կպատասխաներ, մոտեցավ Սեյրան Սարոյանը: «Ինքը ձեթ ծախող ա, ինքը կարագ ծախող չի, խառնել եք»,- ասաց նա:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաեւ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հարցին: Ասաց`նա վաղուց է ցանկացել հրաժարականի դիմում գրել, ինքը թույլ չի տվել: Սեյրան Սարոյանը ենթադրում է`Հայկազ Բաղմանյանի պաշտոնից հեռացումը հավանաբար կապված էր նոր կադրերով ՊՆ շարքերը համալրելու հետ։ «Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ։ Մի քանի անգամ էլ կարողա հրաման չի կատարել կամ թերացել է»,- ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ