ՅՈՒՆԵԱԿՕ-ն հայկական ավանդական տոլման, ի վերջո, որակեց որպես ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվել է, թե տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը։
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման վերաբերյալ իր յուրահատուկ հակափաստարկն ունի։ Այն անջնջելի պատմություն է, որի կրողը նաև նկարչուհին է։ Հայկական ավանդական տոլմայի պատմությունը նկարչուհուն տեղափոխեց ծննդավայր՝ Նախիջևանի Գողթն գավառի Ագուլիս քաղաք։
«Ես Ագուլիսում եմ ապրել, ուր ամբողջ շրջապատն ադրբեջանցիներ էին։ Այնտեղ հազարից ավելի հայկական տներ կային, և չկար մի տուն, որտեղ հայկական թոնիր չլիներ։ Ամեն մի տուն 12-14 սենյակ ուներ, և այդ սենյակները շատ մեծ էին ու նման էին պալատների։ Այնտեղ բոլորը հարուստ էին։ Առևտրականներ էին ապրում, ու բոլորի երեխաները սովորում էին Ֆրանսիայում, Եվրոպայում, Լազարյան ճեմարանում։ Շատ հաճախ հետ չէին վերադառնում Ագուլիս։ Հետզհետե Ագուլիսի երիտասարդությունը պակասեց։ Իսկ այդ հարուստ հայ տներում ծառայում էին ադրբեջանցիները։ Մենք ունեինք 12 սենյակ, որոնք լցված էին ամենաթանկարժեք գորգերով ու այլ իրերով։ Գեղեցիկ այգիներ ունեինք, պահեստներ, որոնք լցնում էինք ամենաթանկարժեք չրերով։
Հետո հայրս էլ գնաց օտարություն… Երեք օրում թուրքերը գրավեցին Ագուլիսը, իսկ հայ աղջիկներին տարան Թավրիզ ու մեկ ոսկով վաճառեցին։ Ագուլիսում ինչ կար, մնաց ադրբեջանցիներին։ Այդ ընթացքում պապս ու տատս վերադարձան Ադրբեջան։ Տատս այդ քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել, տոլմա ու ապուր եփել էր սովորեցնում։ Հասարակ ապուր չէին կարողանում եփել։ Սովորեցնում էր նաև կար անել, նոտաներ ու երաժշտություն»,- «Փաստ»-ի հետ զրույցում պատմեց նկարչուհին՝ հիշելով նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպը։
«Գրքում նա գրում է փոքրիկ աղջիկ Լուսիկի ու իր Հայկանուշ տատի մասին։ Հայկանուշն իմ տատիկն է, Լուսիկը՝ ես։ Եթե ադրբեջանցին է գրում հայի մասին, ով թուրքի ոջլոտ երեխային է լողացրել, ինչի՞ մասին է խոսքը: Էլ ի՞նչ խոսք կարող է լինել տոլմայի մասին։ Մի ազգ, որը քոչվոր է, չի կարող նստակյաց կյանք վարող ժողովուրդներին հատուկ ճաշատեսակը ներկայացնել այնպես, ինչպես մյուս ազգերն են ներկայացնում։ Նրանք գաղափար անգամ չունեն՝ տոլման ինչ է։ Տատս սովորեցնում էր, քուֆթա եփել, կամ՝ միսը ծեծել, տերևի մեջ դնել ու ճաշ եփել»։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում