Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը։ Ընտրություններում ձախողված ուժերը դրանից հետո, կարծես, անհետացած լինեն, այդ ուժերի առանձին գործիչները մեկ-մեկ իրենց մասին հիշեցնում են, իսկ քաղաքական ուժերը ծպտուն անգամ չեն հանում։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյան
– Տիկին Խաչատրյան, այժմ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում։
– Ես բազմիցս նշել եմ, որ մեր ակտիվությունը որեւէ կերպ կապված չէ խորհրդարանում լինել կամ չլինելու հետ։ Բնականաբար կուսակցությունը մշտապես ակտիվորեն արձագանքում է մեր երկրում տեղի ունեցող տարաբնույթ քաղաքական՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադարձություններին, մեր տեսակետները, մեր մոտեցումները հայտնում ենք։ Այդ առումով, բնականաբար, պասիվություն առկա չէ։
Վերջերս ամենաթարմ օրինակը կապված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ, թե՛ պաշտոնական կայքում ենք հանդես եկել հայտարարությամբ, թե՛ նաեւ տարաբնույթ հարցազրույցներ եւ ասուլիսներ են եղել կուսակցության անդամների կողմից։ Այսինքն՝ միշտ քաղաքական գործընթացների մասնակից ենք եւ մեր կարծիքը, մեր դիրքորոշումը հայտնում ենք, ինչպես նաեւ զբաղված ենք կուսակցական գործունեությունով, որը պետք է անեինք թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս։
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են առկա։
– Այժմ ներկուսակցական վերակազմավորումներ են ընթանում։ Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը։ Դեռեւս հստակ օրը որոշված չէ, քանի որ անընդհատ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Պետք է համագումարի ժամանակ ամբողջ քաղաքական իրադարձություններն ու սպասվող մարտահրավերներն ամփոփենք, նաեւ քաղաքական օրակարգ ներկայացնենք համագումարին։ Այսպես ասած՝ դադարի վիճակ էր, այժմ արդեն վերաձեւակերպման փուլ է ընթանում։ Դրանք են առաջիկա փոփոխությունները, ինչպես նաեւ մեր քաղաքական կյանքում առկա յուրաքանչյուր փոփոխության, մարտահրավերին արձագանքելը։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում