Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվում եւ հարկային բեռը ավելանալու է». Հարկային նոր օրենքն ընդունվեց

Դեկտեմբեր 13,2017 11:58

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսգիրքը, որով մասնավորապես առաջարկվում է փոխել հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման դրույթը, այսօր ԱԺ նիստում դրվեց քվեարկության:

Մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ երկու փոխնախագահները՝ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը գործուղման են: Նրանք նախապես թողել են իրենց դիրքորոշումը գրավոր, որ կողմ են նախագծին, սակայն «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ այդ պատգամավորները, որ թողել են իրենց դիրքորոշումը տեղեկանքով, տեղյա՞կ են, որ 15 օրենք փաթեթից դուրս է եկել, իրենք քննարկմանը չեն մասնակցել եւ հարց է՝ իրենք կողմ եմ նախագծին այդ 15 օրենքները միասի՞ն, թե՞ հանած: Զեյնալյանը նշեց, որ այդպես մեխանիկորեն չէին կարող քվեարկել՝ տեղյակ չլինելով փոփոխություններին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ քարտուղարությունը նիստից հետո բացատրություն կտա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց. «ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները քաջատեղյակ են եղել օրակարգին եւ նրանք ներկայացրել են այնքան գրություն, որքան անհրաժեշտ է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց. «Հնարավորություն կա՞, որ ընդհանրապես ոչ մի պատգամավոր չգա նիստին, տեղեկանքներ ուղարկի եւ քվեարկություն լինի»:

Բաբլոյանն էլ պատասխանեց. «Եթե ոչ մի պատգամավոր չգա, քվորում չենք ունենա, չենք կարողանա քվեարկել»: Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ իրենք աշխատում են այնպես, ինչպես օրենքում է. «Եթե խնդիր ունեք, կարող եք առաջարկություն անել, օրենքում փոփոխություն մտցնել»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ անընդհատ հարկային օրենքը փոխում են, իսկ բիզնեսմենները չեն կարող աշխատել 6 ամիսը մեկ փոխվող օրենքով:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ հակադարձեց, որ ճիշտ է, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելիս պետք է լինել շրջահայաց, բայց եթե դա բերում է տնտեսվարողների վիճակի բարելավման, հարկային ռեժիմի մեղմացման, ապա պետք է նման փոփոխություններն ընդունել:

Իսկ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո երկրում լուրջ թանկացումներ են սպասվում եւ հարկային բեռը ավելանալու է: Նա ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին:

Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 35 դեմ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031