Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին կառավարության ներկայացրած նախագծերը:
«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավեն արտաքին պարտք: Սա անընդունելի է: Երեկ այստեղ 10 անգամ նույն հարցին՝ ինչպես են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես՝ խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց հրաժարվեց հարցին պատասխանել: 2012-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք»:
Նա կոչ արեց խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին, որն ուղղակի երկիրը տանելու է փակուղի եւ փորձելու են դրանով փակել կառավարության անկարողությունը՝ տնտեսական խնդիրները լուծելու:
61 կողմ 37 դեմ-ով նախագիծն ընդունվեց:
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց 70 կողմ, 28 դեմ-ով:
Մինչ քվեարկությունը «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ չնայած իրենք դեմ են արտաբյուջեներին, բայց քանի որ սա միջանկյալ լուծում է, կողմ են քվեարկելու:
Ասիական զարգացման բանկից 40 մլն դոլար վերցնելու վարկային համաձայնագրին կողմ էր 61 պատգամավոր, դեմ՝ 37-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ