Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մասնակիորեն բավարարեց «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների գումարային փոխհատուցման հայցը: Պահանջվող մոտ 8 միլիոն եվրոյի դիմաց յուրաքանչյուր հայցվորին տրվել է 5000 եվրո նյութական եւ բարոյական փոխհատուցում` գումարած դատական ծախսերը: Այս գումարը կարելի է համարել ինչ-որ առումով սիմվոլիկ ու Ադրբեջանի իշխանությունների մաքսիմալիստական մոտեցման ձախողում։
Անշուշտ, փախստականների անհատական իրավունքների վերականգնումը հակամարտությունների հետեւանքների վերացման գործընթացի կարեւոր մասն են կազմում: Բայց գոնե Լեռնային Ղարաբաղի դեպքում, որը հենց ՄԻԵԴ վճռում ընդունվում է որպես բացառիկ գործ, այս խնդրի կարգավորումն անհնար է առանց քաղաքական փաթեթային լուծման, որը նախ պետք է վերացնի հակամարտության պատճառը, ապա նաեւ հետեւանքները: Փախստականների վերադարձի եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ քննարկումները իրատեսական կլինեն, երբ որ կլուծվի Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը, կլինեն համապատասխան անվտանգության պայմաններ եւ երաշխիքներ:
Ադրբեջանական մաքսիմալիստական եւ ապակառուցողական մոտեցման հետեւանքով մոտ երկու տասնյակ տարի հնարավոր չի եղել հասնել ԼՂ հարցի քաղաքական լուծման: Այդ ընթացքում Ադրբեջանը դիմել է ինչպես ռազմական, քաղաքական, այնպես էլ իրավական հարթության սադրանքների: «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի եւ ապա դրա վերաբերյալ վճռի շուրջ ադրբեջանական իշխանությունների մանիպուլյացիաները հենց վերջին ոլորտից են:
2015թ. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» հիմնական վճռի ընդունումից հետո` այն շահարկելու համար Ադրբեջանը խղճուկ փորձեր կատարեց, բայց որեւէ արդյունք չկարողացավ ապահովել, բացի նրանից, որ այն բացասաբար անդրադարձավ ապշերոնյան հանրապետության եւ ՄԻԵԴ-ի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա: Արժանահիշատակ է նաեւ, որ Ադրբեջանում մշտապես անտեսում են «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը եւ դրա վերաբերյալ քննարկումները, թեպետեւ այն Չիրագովի վճռի հայելային արտապատկերն է:
Առանձին թեմա է ՄԻԵԴ-ի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լայն մեկնաբանությամբ նման վճռի ընդունումը, դրանում տրված գնահատականների իրավական հիմնավորվածությունը եւ քաղաքական նպատակահարմարությունը: Բայց մի բան պետք է հստակ ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը քաղաքական, իրավական, թե այլ հարթությունում հնարավոր է միայն Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների անմիջական մասնակցությամբ: Այս վճռի՝ համապատասխան պայմանների առկայության պայմաններում իրականացման գործընթացում արդեն իսկ անխուսափելի է դառնում Արցախի մասնակցությունը, որը կարող է դառնալ միջազգային գործընթացի սուբյեկտ։
Իսկ Ադրբեջանի մոտեցումն է՝ բոլոր հարթակներում վիճարկել Արցախի սուբյեկտիվության հարցը եւ այդ նպատակով օգտագործում է նաեւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում նշվում է, որ Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս հասկացությունը, որը միանշանակ չի ընդունվում եւ դեռ փաստարկման կարիք ունի, վճռում կիրառվում է զուտ Կոնվենցիայի կիրառման տեսակետից, եւ չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կամ ապագա քաղաքական կարգավիճակի վրա:
Չիրագովի եւ Սարգսյանի վերաբերյալ վճիռների իրականացման հավանականությունը ներկա ռազմաքաղաքական իրավիճակում բավական փոքր է, իսկ վճիռների իրականացման հետագա հնարավոր քննարկումները արդյունավետ կարող են լինել միայն Արցախի պատշաճ ներգրավմամբ:
ՄԻԵԴ վճիռների արժանահավատությունը պահպանելու համար հարկավոր է լուրջ վերաբերվել դրանց: Հայտնի է, որ ներկայումս Ադրբեջան-Եվրոպայի խորհուրդ հարաբերություններում առկա ճգնաժամը հետեւանք է հենց Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճռի անտեսման:
Ավելացնենք նաեւ, որ եթե Ադրբեջանը իրականում մտահոգված է փախստականների իրավունքների վերականգնմամբ, ավելի լավ կլինի, որ նավթային դոլարներն ուղղի նրանց սոցիալական խնդիրների լուծման եւ ոչ թե ռազմական ծախսերի մեծացման ուղղությամբ, որն էլ ավելի է սրում տարածաշրջանային լարվածությունը:
ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
քաղաքագետ
«Առավոտ»
13.12..2017