Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերունդն այլ բան է ընտրում

Դեկտեմբեր 13,2017 10:06

Օրերս ծանոթացա մի հրաշալի երիտասարդի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա ապրում է Գյումրիում, մասնակցում է բազմաթիվ պայծառ երիտասարդական նախաձեռնությունների, փորձում է համախմբել իր քաղաքի երիտասարդներին՝ ավելի լավ, ավելի ուրախ, ավելի ստեղծագործական ու հետաքրքիր կյանք կերտելու համար:

Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու մեր հասարակության ամենատարբեր շերտերի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են, իսկ այս «գաղջ» զանգվածի մեջ առավել անհետաքրքիր են նրանք, որոնք հատել են 50 տարեկանի սահմանագիծը:

Նախօրոք գիտես, թե ինչ են ասելու, ինչ դեմագոգիայով եւ պոպուլիզմով են զբաղվելու, ինչպես են իրենք իրենց փառաբանելու եւ սեփական անսխալականության մասին հեքիաթներ պատմելու: Կհամաձայնեք, չէ՞, որ ավելի երիտասարդները՝ Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, անկախ նրանից, թե ինչպիսի հայացքներ ունեն, տարբերվում են իրենց ավագ ընկերներից: Հանուն արդարության պետք է ասել, որ կան այնպիսիք, որոնք իրենց «քառակուսությամբ» չեն զիջում  ավագ սերնդին:

Բայց քաղաքական դաշտը բոլոր դեպքերում ենթադրում է որոշակի կաղապարներ, կարծրատիպեր, եւ կուսակցականը որոշ դեպքերում պարտադրված է ասել՝ «Jawohl, mein Führer»: Իսկ այն երիտասարդները, որոնց հանդիպում եմ քաղաքական դաշտից դուրս, ազատ են այդ կաղապարներից: Եթե փորձեմ առանձնացնել ամենակարեւոր հատկությունը, որը ես հավանում եմ այդ ազատ երիտասարդների շատերի մեջ, դա (մի զարմացեք) պրագմատիզմն է:

Տարիներ, տասնամյակներ շարունակ մեր ամբողջ հասարակական դիսկուրսը հիմնված է ազգային ռոմանտիզմի վրա: Մանկապարտեզից սկսած դաստիարակությունը ելնում է «խեղճ», «տառապյալ», բայց «հպարտ» եւ «վրեժխնդիր» հայի մոդելից: Այդ մոդելն իր դրական դերն է խաղացել նախորդ դարի 60-70 թվականներին, բայց բացարձակապես անպետք է այսօր, երբ ունենք լավ թե վատ պետություն՝ իր բանակով եւ բոլոր մնացած ատրիբուտներով: Պատկերավոր արտահայտվելով՝ մենք այսօր այլեւս չենք կարող ասել՝ «այո, ուտում է, կաշառք է վերցնում, փոխարենը հայրենասեր, ազգին նվիրված մարդ է»: Եթե որեւէ բան պետք է արդիականացնել, ապա դա կրթությունն է, ավելի լայն իմաստով՝ հասարակական մտածելակերպը՝ հրաժարվելով «ազգային-ազատագրական» զեղումներից:

Եվ ահա նոր սերունդը, գոնե նրա որոշակի մասը, խուսափել է այդ՝ դարն ապրած դաստիարակությունից: Պարզ է, որ դա բաց սահմանների, գլոբալիզացման, համացանցի եւ ընդհանրապես տեխնոլոգիաների զարգացման արդյունք է: Որքան շուտ հասկանանք այդ ամենի առավելությունը, այնքան լավ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝հրաժարվելով «ազգային-ազատագրական» զեղումներից՝ ՝դարն ապրած դաստիարակությունից՝ դա բաց սահմանների, գլոբալիզացման, համացանցի եւ ընդհանրապես տեխնոլոգիաների զարգացման արդյունք է: Որքան շուտ հասկանանք այդ ամենի առավելությունը, այնքան լավ:՝

    Սա լավ է քոչվոր ազգերի համար, իսկ այն ինչ օգտակար է քոչվորին՝ վնաս է բնիկ ազգերին ու հակառակը:

    Սկզբից ծառն արմատներ է գցում, ամուր իր հողին է կապվում, հետո նոր աճում ու զարգանում դեպի վեր ու ինչքան բարձր է, այնքան խորն են ու ամուր են արմատները հողի մեջ: Կարծում եմ ազգային ազատագրական գաղափարախոսությունը հենց այն հողն է, որում բնիկ ազգերը պետք է իրենց արմատները խորացնեն ու ամրացնեն, հակառակ դեպքում համացանցը կքշի կտանի ու կդառնանք քոչվոր՝ որտեղ հաց՝ այնտեղ կաց:

  2. Ruben says:

    Պետական թավշյա հեղաշրջումից (1990թ.-1992թ.) հետո, իշխանությունը բռնազավթած խեղճ ու տառապյալ ՀՀշները (այժմ՝ՀՀկույսակիցներ, ՀԱկոնգրեսին (համագումարին) կցված կույսերը…) հպարտորեն վրեժխնդիր եղան հայի «մոդելից»: Մեղավորը մանկապարտեզն է:
    Հրաժարվեք ազգային-ազատագրական «զեղումներից» եւ խուսափեք դարն ապրած այդ դաստիարակությունից:
    Հառաջ դեպի գլոբալիզացիյա, խոստովանահայր Աբրահամը վկա, դառեք թան ու զելանդական կարագ, սիճուկ ու հոլանդական պանիր…
    «Որքան շուտ հասկանանք այդ ամենի առավելությունը, այնքան լավ:»

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031