Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի արդյունավետությունը սեփական խնդիրները սեփական կարողություններով լուծելու մեջ է

Դեկտեմբեր 13,2017 16:00

Դեկտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին, որի ժամանակ հանդես է եկել ծավալուն ելույթով` նվիրված համայնքների զարգացման խնդիրներին։

«Համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցային եւ նպատակային աշխատանքի պարագայում: Այո, պետք է ձգտել, երազել, մշակել ծրագրեր եւ իրականացնել: Սակայն տեսնենք, թե ինչպիսին է իրականությունը: Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք, եւ ընդամենը 14 ծրագիր»։

Նախագահի ելույթի այս հատվածը հատկապես հետաքրքրական է, քանի որ իր մեջ պարունակում է խիստ կարեւոր ուղերձ։ Ժամանակակից ինֆորմացիոն հասարակություններում ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է, որի գլխավոր գրավականը ստեղծագործ միտքն է։ Ցանկացած հաջող պատմության հիմքում ընկած է արդյունավետ գաղափար, միտք, որը կենսունակ է ու զարգանալով կարող է վերածվել նյութական արժեքի։

Հայաստանում խորհրդային տարիներից նվեր մնացած մտածողությունը հուշում է, թե պետությունը պարտավոր է աշխատատեղեր ստեղծել, գործարաններ կառուցել բոլոր համայնքներում, որպեսզի մարդիկ այնտեղ վատնեն իրենց աշխատաժամանակը, ստանան որոշակի աշխատավարձ եւ ապրեն գոհ ու երջանիկ։ Բայց եկել է ժամանակը վերջապես գիտակցելու, որ շուկայական տնտեսական հարաբերություններում պետությունը երբեք այլեւս չի կատարելու այն դերակատարությունը, ինչպիսին որ ունեցել է խորհրդային մոդելի ժամանակ։

Հայաստանը փոքր երկիր է, ու բոլորս ունենք ծանոթներ, բարեկամներ, ովքեր ապրում են գյուղում, ունեն բավականին մեծ հողատարածք, այգիներ, անասուններ, սակայն բողոքում են գործազրկությունից, ապրուստի միջոցների անբավարարությունից։ Չենք կարող ժխտել, որ գյուղմթերքի իրացման շուկայում կան բազում խնդիրներ, որոնք էապես ազդում են գյուղացու արտադրողունակության վրա, սակայն ընկալումը, որ պետությունը պետք է գա ու լուծի յուրաքանչյուր գյուղի խնդիր, առնվազն անհեռանկար զբաղմունք է։

Այսօր արդեն մեր երկրում կան գյուղական համայնքներ, որոնք լավագույնս օգտագործում են իրենց ներուժը՝ ապահովելով առաջանցիկ զարգացման տեմպեր։ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերն ունեն հրաշալի պայմաններ ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, ինչպես նաեւ էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար, սակայն քչերն են կարողացել այդ ներուժը վերածել իրական առաջարկի։

Իհարկե, անշնորհակալ զբաղմունք է երկրում առկա սոցիալ-տնտեսական պրոբլեմների պայմաններում պահանջել, որ հոգսաշատ գյուղացին նաեւ հոգա գյուղական տուրիզմի եւ համայնքային զարգացում ապահովող այլեւայլ գաղափարների գեներացման մասին, սակայն հենց այստեղ պետք է հիշել տեղական իշխանություններին, որոնց դերակատարությունը չի սահմանափակվում միայն համայնքային սուղ բյուջեի միջոցները տնօրինելով. նրանց առաջնային խնդիրը պետք է լինի այլընտրանքային միջոցների հայթայթումը, համայնքի զարգացման կենսունակ ծրագրերի մշակումն ու ներդրողների ուշադրությունը գրավելը։

Եթե այսօր տեղական իշխանություններում ներգրավված անձինք իրենց մտածողությամբ, ստեղծագործ մտքով եւ նորարարական գաղափարներով չեն փայլում, ապա դա ե՛ւ պետության խնդիրն է, ե՛ւ համայնքի շարքային բնակչի։ Պետությունը պիտի հասկանա, որ համայնքի զարգացումը անշեղորեն նպաստելու է երկրի հզորացմանը, իսկ գյուղացին պետք է ընկալի, որ եթե Պողոսը արդեն 15 տարի ղեկավարում է իրենց համայնքը, իսկ իրենք շարունակում են խոտը հնձել հարեւան գյուղի կոմբայնով, ապա մեղավորը ոչ թե պետությունն է, այլ գյուղապետ Պողոսը, ով չի կարողանում միջոց գտնել եւ գյուղի համար տեխնիկա հայթայթել։ Ուստի պետք է հնարավորություն տալ նրանց, ովքեր հնարամիտ են, ունեն ճկուն միտք, նախաձեռնող են ու տիրապետում են ժամանակակից հասարակությանը բնորոշ զարգացման կանոններին։

Սեւանա լճի ավազանում ամփոփված է զբոսաշրջային ու առողջարանային հսկայական ներուժ, սակայն այսօր այդ ներուժի չնչին մասն է ծառայում իր նպատակին։ Տուրիստական ենթակառուցվածքների ստեղծումը ենթադրում է ահռելի ներդրումներ, ինչը չափազանց մեծ բեռ է պետության ուսերին, սակայն մասնավոր նախաձեռնությունները լոկալ մակարդակում կարող են քայլ առ քայլ ձեւավորել զարգացած սպասարկման ոլորտ, որը հսկայական օգուտներ կբերի առաջին հերթին մարզի բնակիչներին։ Լճի առափնյա զգալի հատվածներ, որոնք գտնվում են համայնքների տնօրինության տակ, այսօր օգտագործվում են իբրեւ արոտավայրեր, մինչդեռ դրանք կարող էին ծառայել որպես գողտրիկ լողափեր՝ տարեկան սպասարկելով տասնյակ հազարավոր տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկների։ Այս ամենի կազմակերպումը համայնքի ուժերով միանգամայն իրատեսական է։

Հայաստանի շատ գյուղական բնակավայրերում կարելի է հանդիպել գյուտարար, ստեղծագործ, հնարամիտ մարդկանց, ովքեր սեփական ուժերով ու գաղափարով ստեղծել են տարատեսակ հարմարություններ, որոնք հեշտացրել են իրենց ու իրենց հարեւանների կյանքը, սակայն դժբախտաբար ավելի քիչ օրինակներ գիտենք այն մասին, թե ինչպես է այս կամ այն համայնքային իշխանությունը դրամաշնորհ շահել միջազգային տարատեսակ ֆոնդերից տեղական որեւէ հիմնախնդիր լուծելու, արտադրություն հիմնելու եւ այլնի համար։

Նախագահի ելույթից մեջբերված թվերը եւս ցուցանում են, թե նախաձեռնողականությունն ու ինքնուրույն հարցեր լուծելու ձգտումը որքան են պակասում Հայաստանի համայնքներում։

Արտերկրում բնակվող բազմաթիվ հարուստ հայեր հաճախ եկեղեցիներ են կառուցում իրենց հայրենի գյուղերում, որտեղ չկա ոռոգման համակարգ կամ գյուղի համար առաջնային անհրաժեշտության այլ միջոց։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ տեղական իշխանությունները չեն կարողանում համակարգել նույնիսկ կատարվող ներդրումները։

Ասվածից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ համայնքների խոշորացումն ու տեղական ինքնակառավարման համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումները հնարավոր է չունենան էական արդյունք, եթե համայնքների ղեկավարման գործը շարունակեն իրականացնել անձինք, ովքեր չեն ձերբազատվել ամեն ինչ պետության ուսերին բարդելու սովորությունից։

 

ԴԱՆԻԵԼ ՇԱՀՈՒՄՅԱՆ

քաղաքագետ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031