Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարչապետ՝ հին բարքեր

Դեկտեմբեր 13,2017 15:30

Կամ՝ օրինական «ռաստամոժկա» հին ձեւերով

Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էր, եւ այս առիթով «կարեւոր» ուղերձներ հրապարակեցին թե՛ տարբեր ՔՀԿ եւ դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք հսկայական միջոցներ են ծախսում այդ երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ, թե՛ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ջանալով ընդգծել, որ կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ հսկայական ջանքեր են ներդնում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՖԲ էջում հետեւյալ տեքստին հանդիպեցի. «Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, եւ այս օրվա առանձնացումն ընդգծում է այս պայքարի կարեւորությունն ամբողջ աշխարհում: Կոռուպցիայի դեմ պայքարը բոլորիցս պահանջում է ամենօրյա, համակարգված, հետեւողական աշխատանք: Այդ գործընթացը չունի սկիզբ եւ ավարտ: Մենք կոռուպցիան ընկալում ենք որպես անընդունելի երեւույթ, ունենք քաղաքական կամք դրա դեմ պայքարելու համար եւ հետեւողական իրականացնելու ենք այդ պայքարը»:

Այսուհանդերձ` ՀՀ մոդայիկ վարչապետի նման «հաստատակամության» պարագայում նույնիսկ, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում կոռուպցիոն երեւույթները համատարած են, եւ հաճախ դրանք հայտնաբերելու համար առանձնակի ջանք գործադրելու կարիք չի լինում, քանի որ դրանք դրսեւորվում են անթաքույց:
Այս առումով ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ մաքսային ծառայության, հատկապես Բագրատաշենի անցակետի աշխատանքին: Երբ ապրիլյան պատերազմից հետո երկրում իրավիճակը շտկելու նպատակով ՀՀ-ում նոր վարչապետ նշանակվեց, հիշում եմ, որ լուրջ պայքար էր ծավալվել հատկապես Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնի հարցում, եւ նոր վարչապետը կարողացավ այդ պաշտոնում նշանակել «իր մարդուն»: Դրան զուգահեռ նաեւ ԱՄՆ դեսպանատունը լուրջ միջոցներ հատկացրեց Բագրատաշենի մաքսատունը հիմնովին վերասարքավորելու եւ միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Այս ամենը հույս էր ներշնչում, որ իրավիճակն այս ոլորտում էապես կփոխվի, եւ մաքսատան աշխատակիցների կամայականությունները կբացառվեն: Սակայն, ելնելով մանդարին ներկրելու իմ «տխուր» փորձից, կարող եմ ասել, որ Բագրատաշենի մաքսատանը փոխվել են միայն շենքերն ու տեխնիկական միջոցները, բայց ոչ` խտրական մոտեցումը կամ արհամարհական վերաբերմունքը մանր ներկրողների նկատմամբ:

29 նոյեմբերի 2017, Բագրատաշենի անցակետ, քաղաքացիներից բռնագրավված ապրանք, մարդիկ անտրամաբանական են համարել կամ չեն կարողացել ավելի մեծ գին վճարել մաքսազերծման համար, քան վճարել են ապրանքի համար:

Հայտարարությունս հիմնավորելու համար ցանկանում եմ ներկայացնել, թե ես ինչ փորձությունների միջով անցա, երբ Վրաստանից մանդարին ներկրեցի ՀՀ: Նոյեմբերի 29-ին մեկնեցի Վրաստան եւ Շուլավերի շուկայում գնեցի հինգ հարյուր կիլոգրամ մանդարին՝ մեկ կիլոգրամի համար վճարելով 73 թեթրի, ինչը համարժեք էր 131 ՀՀ դրամի: ՀՀ փառապանծ մաքսավորներն ինձնից գանձեցին մեկ կգ-ի համար 140 դրամ մաքսավճար, եւ հենց սահմանի վրա մանդարինն արդեն ինձ վրա նստել էր 270 դրամ` չհաշված ճանապարհածախսը եւ թաց ապրանքի փչացումն ու քաշ գցելը: Հաջորդ օրը Վանաձորի մրգի վաճառքի բազմաթիվ կետերում մանդարինի մանրածախ գինը 250 ՀՀ դրամ էր, ինչն ակնհայտ վկայությունն է այն բանի, որ ոչ բոլոր մանդարին ներկրողներն են մաքսազերծում իրենց ապրանքը 140 դրամով: Սա առավել քան ակնհայտ իրողություն է, եւ ոլորտի որեւէ պաշտոնյա, որը չի ցանկանում ընդունել այս իրողության անհեթեթությունը եւ փաստեր է պահանջում, ինքն էլ այս կոռուպցիոն շղթայի մի մասն է:

Այդ պաշտոնյաները լավ հասկանում են, որ որեւէ ներկրող վկայություն չի տա այն մասին, որ ինքը համաձայնության է եկել մաքսավորի հետ եւ վճարել ավելի քիչ գումար, քան պահանջում է օրենքը, քանի որ այս դեպքում տվյալ ներկրողն ինքն իրեն կկանգնեցնի քրեական պատասխանատվության առջեւ կամ լավագույն դեպքում` կզրկվի այլեւս «շահեկան» ձեւով ապրանք ներկրելու հնարավորությունից: Ինձ համար առավել հիմնավոր փաստ չի կարող լինել, քան 131 + 140 + ճանապարհածախս + մի փոքր եկամուտ = առնվազն 300-ի, ինչն անհամեմատ բարձր է շուկայում տվյալ ապրանքի փաստացի վաճառքի 250 դրամ գնից: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին հատուկ կապեր չունի մաքսավորների հետ եւ փորձում է օրինական ներկրմամբ զբաղվել, ապա նա դատապարտված է ֆինանսական կորստի, արդյունքում` հիասթափության, արտագաղթի:

Մյուս կարեւոր անհեթեթությունն այս պատմության մեջ այն է, որ տվյալ ապրանքի արտադրողը, ով ամբողջ տարին խնամք է տարել եւ աճեցրել ապրանքը, Բաթումից էլ հասցրել Մառնեուլի շուկա, ավելի քիչ գումար է պահանջում մեկ կիլոգրամի համար, քան ՀՀ իշխանությունները դրա մաքսազերծման համար: Եթե մանդարին աճեցվեր նաեւ Հայաստանում, կամ այն իրենից ներկայացներ ստրատեգիական նշանակության մի ապրանքատեսակ, ես գուցե փորձեի հասկանալ նման քաղաքականությունը, բայց, պարո՛ն վարչապետ, կարո՞ղ եք մարդկային պարզ տրամաբանության շրջանակներում, ոչ ձեր կուսակից Հակոբ Հակոբյանի կամ Գալուստ Սահակյանի լեզվով, բացատրել, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հենց սահմանի վրա առնվազն կրկնապատկում է մանդարինի գինը, կարո՞ղ է մանդարինը երեխաների առողջությանն այսուհետ վնաս է, եւ ուզում եք, որ հնարավորինս քիչ ուտեն: Դուք հասկանո՞ւմ եք, որ նման անիրատեսական մաքսատուրք սահմանելով՝ մեծ գումարներ եք ուղղորդում ստվերային դաշտ: Եթե մաքսատուրքի չափը լինի խելամիտ, ասենք, օրինակ` 30 դրամ, ապա ներկրողի մտքով իսկ չի անցնի գործարքի գնալ մաքսավորի հետ, եւ շատ ավելի գումարներ կմտնեն բյուջե:
Հետաքրքիր է նաեւ որեւէ ապրանքատեսակի ներկրման դեպքում դրա մաքսազերծման սակագների մասին ինֆորմացիայի ձեռք բերումը: Հիմնական պաշտոնական ինֆորմացիան, որ ես կարողացա ստանալ մաքսակետում, արտացոլված է հետեւյալ նկարում:

ՀՀ մաքսային ծառայությունը դժվարացել է այս մի քանի տողը թարգմանել հայերեն եւ մեզ` ՀՀ քաղաքացիներիս հետ շփվում է մեր «գլխավոր դաշնակցի» լեզվով: Դե ինֆորմացիան էլ, ինչպես տեսնում եք, ամբողջական է:


Ֆիտոսանիտարական սերտիֆիկատի հետ կապված թատրոնն էլ հետաքրքիր էր: Եթե առաջին անգամ ես գնում միրգ ներկրելու, բնականաբար տեղյակ չես նման սերտիֆիկատ ունենալու պահանջի մասին եւ, վերադառնալով ՀՀ տարածք, բախվում ես այն չունենալու փաստին: Բայց «հայոց փառապանծները» դրա համար էլ մտածած մեխանիզմներ ունեն: Սպասում են՝ մինչեւ անգարի մոտ հավաքվեն մեծ թվով ներկրող մեքենաներ, ովքեր նույնպես չունեն սերտիֆիկատ, հավաքում են նրանց տվյալները, եւ սերտիֆիկացիան ու մաքսազերծումը բոլորի անունից անում է մեկ անձ՝ իհարկե դրա դիմաց եկամուտ ստանալով: Հին սովետական ավանդույթի համաձայն՝ այս գործում էականը ոչ թե տվյալ ապրանքի անվտանգության ստուգումն է, այլ թղթի կտորը, որի միջոցով քեզնից գումար են կորզում: Այս ամենը քեզ ներկայացվում է որպես մեծ լավություն հայոց մաքսավորների կողմից, բայց խնդիրը նաեւ այն է, որ այս մեխանիզմով մարդիկ ժամեր են անցկացնում Բագրատաշենի անգարում, մինչեւ այդ բոլոր ներկրողները հավաքվեն, մեքենաները զննվեն եւ ձեւակերպումները կատարվեն: Ես նոյեմբերի 29-ին ՀՀ մաքսային անցակետ հասա մոտավորապես 18:30-ի սահմաններում, իսկ «օրինական» ձեւով մաքսազերծված ապրանքով այնտեղից շարժվեցի մոտավորապես գիշերվա 01:30-ի սահմաններում, ինչը կազմեց մոտ յոթ ժամ:

Մի հետաքրքիր վերլուծություն էլ ունեցա ՀՀ վարչապետի այն մտքի համատեքստում, թե իր կառավարությունը պետք է ամեն կերպ աջակցի արժեք ստեղծող մարդկանց, եւ ահա թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում գործնականում: Գիտեմ մարդիկ, որոնք տարիներով զբաղվում են Վրաստանից միրգ ու բանջարեղեն ներկրելու գործով, որոնք տարիներ շարունակ հեզ ու հնազանդ ժամանակ են կորցրել մաքսային անգարներում՝ սպասելով իրենց ներկրվող ապրանքի «ազատագրմանը», որեւէ կերպ չըմբոստանալով, որեւէ պահանջ չներկայացնելով: Նրանց գործերը բավականին լավ են ընթանում: Այլ իրավիճակ է, երբ դու լավ կրթությամբ, քաղաքացու գիտակցությամբ անհատականություն ես ու չես ցանկանում հանդուրժել այն բռի ու անբարեկիրթ վերաբերմունքը, որը սովորաբար դրսեւորում են մաքսավորները` ելնելով իրենց դիրքից ու կամայական վերաբերմունք դրսեւորելու հնարավորությունից: Գիտե՞ք իրենց իրավունքներն առաջ քաշող քաղաքացիներին պատժելու մաքսավորների հիմնական գործիքը որն է` նրանց ամբողջությամբ օրենքի դաշտ բերելը:

Այսպիսով` մեր երկրում առավել հաջողակ են նրանք, որոնք լռում եւ հնազանդվում են, քան նրանք, որոնք պահանջում եւ ջանք են գործադրում հանուն դրական փոփոխությունների ու զարգացման: Սա ներկայիս իշխանությունների կողմից ներդրված սելեկցիոն մեխանիզմն է:
Այս լոգիկայով, պարո՛ն վարչապետ, չեք կարող կոռուպցիայի դեմ պայքարել: Կոռուպցիան ծագում է հենց նրանից, որ օրինական պահանջներն այնքան անիրատեսական են, որ մաքսավորը միշտ կարող է պատժել ներկրողին զուտ օրենքի պահանջները ներկայացնելով եւ քեզ հետ «փոխշահավետ» համաձայնությունից հրաժարվելով:

Այս իրավիճակը շտկելու համար որեւէ ներդրման կամ ֆինանսական ռեսուրսների կարիք չկա, հարկավոր է միայն իրատեսական ու պետականամետ մոտեցում, եւ մեկ հրամանով խնդիրը կարող է լուծվել: Քանի որ այսպիսի քայլեր դեռեւս չեն արվել ձեր կառավարության կողմից, ապա ես ենթադրում եմ, որ դուք պարզապես համապատասխան կամք չունեք նույնիսկ մանդարին ներկրելու մակարդակով ազնիվ գտնվելու հասարակության հետ:
Ես ափսոսում եմ նաեւ ԱՄՆ դեսպանատան այն միլիոնավոր դոլարների ներդրումը, որի շնորհիվ Բագրատաշենի մաքսատունն ամբողջությամբ նորացվեց, եւ դրա տեխնիկական հագեցվածությունը բարձրացվեց, բայց ավաղ, դա չի հանգեցնում արդարության եւ հավասար մրցակցության ապահովմանը երկրում: Ես պարզապես այս հարցում նախանձում եմ վրացիներին, ովքեր մեր հարեւանությամբ այլ մակարդակի մաքսային ծառայություններ են մատուցում:

Ես չեմ հասկանում Պետեկամուտների կոմիտեի պետի պաշտոնի համար ծավալված այն պայքարի իմաստը, որը որեւէ լուրջ փոփոխության չհանգեցրեց այս ոլորտում:
Ես չեմ հասկանում նաեւ, թե որտեղից է գալիս մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ դրսեւորվող այն արհամարհական վերաբերմունքը, որը հանգեցնում է նաեւ պետականության գաղափարի արժեզրկման:

 

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel says:

    Շնորհակալություն ,բայց բոլորս ել գիտենք ,որ իշխանությունը ժողովրդի կամազուրկ լինելու պատճարով առհամարում է` ժողովրդին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031