Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում

Դեկտեմբեր 13,2017 14:30

Մշակութային տուրիզմն աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում: Եվրոպական երկրներում տուրիզմի այս տեսակը վաղուց «կլանել» է ինչպես անհատ արվեստագետների, այնպես էլ կոլեկտիվների: Որոշ հաշվարկներով, մշակութային զբոսաշրջիկներն ավելի շատ գումար են ծախսում, քան սովորականները: Մեր իրականությունում այս ոլորտում ծանոթ ենք 2000թ.-ից գործող «Զվարթնոց» վոկալ քառյակին, որի գաղափարը Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Տիգրան Կոնինյանինն է: Քառյակի կազմում են նաեւ սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Նունե Հարոյանը եւ բաս Վարդան Գալստյանը: Այս կոլեկտիվին կարելի է հանդիպել նաեւ Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, մի խոսքով՝ Հայաստանի պատմամշակութային վայրերում:

Տիգրան Կոնինյանը՝ Դանիայի մշակույթի եւ եկեղեցական հարցերով նախարարի հետ:

Տիգրան Կոնինյան երգչին, որը շուրջ 15 տարի է, ինչ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է, հանդիպել ենք Սարոյի (Տիգրանյան՝ «ԱՆուշ»), Գաստոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Տղայի (Տերտերյան՝ «Երկրաշարժ»), Ռեմենդադոյի (Բիզե՝ «Կարմեն»), Դրաստամատ (Չուխաջյան՝ «Արշակ Բ»), Ֆլավիի (Բելինի՝ «Նորմա») դերերգերում եւ այլն: Վերջերս էլ նա Դոնիցետիի «Պողիկտոսում» հրաշալի մարմնավորեց Ներսեսի կերպարը՝ թե՛ ձայնային եւ թե՛ արտիստիկ խաղով:

Տենորը՝ «Տրավիատայում» եւ «Պողիկտոսում»:

«Առավոտի» հանդիպումը Տիգրան Կոնինյանի հետ կապված էր «Զվարթնոց» վոկալ քառյակի գործունեության հետ: «Համագործակցում ենք տարբեր զբոսաշրջային գործակալությունների հետ, զբոսաշրջիկներին ծանոթացնելով մեր հոգեւոր ու աշխարհիկ երգարվեստի իսկապես գանձարանային նմուշներին՝ Նարեկացուց մինչեւ Կոմիտաս»,- նշեց մեր զրուցակիցը: Հավաստիացրեց, թե պատահել են դեպքեր, երբ, ասենք, Գառնիում, Գեղարդում եւ այլ պատմամշակութային վայրերում զբոսաշրջիկը այնպես է տարվել մեր երաժշտարվեստի գոհարներով, որ կարծես մոռացել է բուն այցի նպատակը: Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ այս գործունեության ոլորտում իրենց ձեռք են մեկնում որոշ ՊՈԱԿ-ներ, այդ թվում՝ Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանների, պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանը: Երգիչը նշեց, որ նա կաջակցի 2018թ. գարնանը «Զվարթնոցի» կայանալիք հյուրախաղերին Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում:

«Զվարթնոց» վոկալ քառյակը:

Հետաքրքրությանը, թե ով է նշյալ շրջագայության նախաձեռնողը, երգիչը պատասխանեց. «Վերջերս Գեղարդում «Զվարթնոցի» ելույթներից մեկի ժամանակ զբոսաշրջիկների թվում էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի քարտուղարը՝ Սուսաննա Գեւորգյանը, հենց նա էլ նախաձեռնեց կայանալիք եվրոպական շրջագայությունը: Մասնակցելու ենք Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օծման կեսդարյա հոբելյանին»: Տիգրան Կոնինյանը հավելեց նաեւ, որ գալիք տարում ունեն նաեւ Դանիա ուղեւորություն. «Այս անգամ զբոսաշրջիկների թվում էր Դանիայի մշակույթի եւ եկեղեցական հարցերով նախարար Մեթե Գոկը: Հենց տեղում՝ Զվարթնոցում պայմանավորվեցինք այցելության մասին, որին հետեւեց հրավերը»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031