Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը փորձել է լրտեսե՞լ ՄՕԿ-ի հանձնաժողովին

Դեկտեմբեր 13,2017 14:00

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հատուկ հանձնաժողովի նախագահ
Սամուել Շմիդը պնդում է, թե Ռուսաստանը իր հանձնաժողովին լրտեսելու ջանքեր է գործադրել:

«ՎԱԴԱ-ի կոնֆերանսի ժամանակ նույն հյուրանոցում էր գտնվում Ռուսաստանի հետախուզական ծառայության պատվիրակությունը: Այդ ժամանակ մի բան պարզ դարձավ՝ մենք անմիջական թիրախ ենք», – Շմիդի խոսքերը մեջբերում է Watson.ch-ն:
Շվեյցարիայի նախկին նախագահը նաեւ հայտարարել է, թե հանձնաժողովը հակերային գրոհների է ենթարկվել: Նա նշել է, թե աշխատանքներն սկսելուց առաջ հանձնաժողովն անվտանգության խստացված միջոցառումներ է իրականացրել. համակարգիչները չեն միացվել համացանցին, աշխատասենյակները մշտապես փակված են եղել կողպեքով, բանակցությունների սենյակները պարբերաբար ստուգվել են, թե արդյո՞ք գաղտնալսման սարքեր տեղադրված չեն, իսկ հանձնաժողովի աշխատակիցները սենյակներում էլեկտրոնային սարքավորումներից չեն օգտվել:

Այս ամենը Շմիդին մտորելու առիթ է տվել՝ օլիմպիական խաղերն առանց ազգային դրոշների անցկացնելու հնարավորության մասին:

«Գուցե, հարկավոր է քննարկել օլիմպիական խաղերն առանց ազգային դրոշների անցկացնելու հնարավորության հարցը: Այսօր երկրները օգտագործում են սպորտը: Գոյություն ունեցող համակարգը գայթակղում է յուրային մարզիկներին «օգնել», օրինակ, Ռոդչենկովի «կոկտեյլի» միջոցով», – Շմիդին մեջբերել է նույն աղբյուրը:

Իսկ այս ընթացքում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովը դիմում է պատրաստել՝ ուղղված Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին: Դիմումով հանձնաժողովը խնդրում է ՄՕԿ նախագահին՝ վերանայել Փհենչհանի ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերում Ռուսաստանի մարզիկներին առանց ազգային դրոշի եւ օրհներգի մասնակցելու որոշումը, հայտարարել է ռուսական այդ հանձնաժողովի նախագահ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Սոֆյա Վելիկայան:
«Ռուսաստանի հասարակությանը խնդրում եմ հարգանքով վերաբերվել մարզիկների որոշումներին: Մարզիկը դրոշը կտանի՞, թե ոչ, բոլորը կիմանան, որ դա Ռուսաստանի մարզիկն է: Մեր հանձնաժողովը մարզիկների անունից հայտարարություն է պատրաստել, որում նշված է օլիմպիական խաղերին մասնակցելու պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը մենք կփոխանցենք օլիմպիական հավաքին՝ քննարկելու համար: Մենք նաեւ ուղերձ ենք պատրաստել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի անունով, որպեսզի վերանայվի միջազգային կազմակերպության՝ առանց դրոշի եւ օրհներգի մասնակցության որոշումը»,- լրագրողներին հայտարարել է Սոֆյա Վելիկայան:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031