Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր աշխատություն`  «Լմբատավանքի պատմությունը» 

Դեկտեմբեր 13,2017 13:00

Վերջերս լույս է տեսել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, պատմաբան Արմեն Ասատրյանի «Լմբատավանքի պատմությունը» աշխատությունը, որտեղ առաջին անգամ մանրակրկիտ ներկայացվում է միջնադարյան Հայաստանի այդ նշանավոր եկեղեցու պատմությունը՝ վիմագրերով հանդերձ:

Լմբատավանքը, որ կառուցվել է 6-րդ դարի վերջում, կամ 7-րդ դարի սկզբում, պատկանում է հայկական փոքր կենտրոնագմբեթ, խաչաձեւ կառույցների շարքին: Այն իր իսկ արձանագրություններում անվանվում է Սուրբ Ստեփանոս: Իսկ ինչպես ենթադրվում է՝ Լմբատավանք անվանվել է հենց համանուն շրջակա  գյուղատեղից: Ինչպես բազմիցս ուսումնասիրողները նշել են, այդ գողտրիկ ու գեղեցիկ եկեղեցին «իսկական ճարտարապետական վարպետության եւ տաղանդավոր անանուն ճարտարապետի ստեղծագործություն է»: Վաղ քրիստոնեական արվեստի մեծարժեք ստեղծագործություններից է եկեղեցու որմնանկարը, որին Մարտիրոս Սարյանը անվանել է հրաշալի: Հեղինակը ներկայացրել է նաեւ 1954թ. Լմբատավանքի շուրջը կատարված հնագիտական պեղումների նախնական արդյունքների մասին արխիվային չհրապարակված նյութերը:

1978թ. հայտնի գրող Կարպիս Սուրենյանն այցելելով Լմբատավանք՝ գրել է. «Ես այժմ խորունկ երկյուղածությամբ խոնարհվում եմ հայ եւ համաշխարհային մշակույթի այդ եզակի, այդ թախծոտ ու հպարտ կոթողի առաջ, որ մենավոր կանգնել է այս լերկ ու ժայռոտ բլուրների միջեւ: Ես այնտեղ Հանճարը տեսա»:

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ճարտարապետ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031