ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգում ծագումով հայ բժիշկ Վահագն Անդիկյանը փրկել է ձվարանների քաղցկեղով տառապող 82-ամյա կնոջ կյանքը, գրում է emaxhealth.com պորտալը:
82-ամյա Մերի Բոնոմոն 2016թ. Նոր տարվա նախաշեմին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է 4-րդ աստիճանի ձվարանների քաղցկեղ:
Նա խորհրդակցել է գինեկոլոգ-օնկոլոգ Վահագն Անդիկյանի հետ, որն իր թիմի հետ առաջարկել է ինտենսիվ բուժման պլան. նախքան խոշոր վիրահատությունը՝ սիստեմատիկ քիմիաթերապիա՝ նվազեցնելու համար քաղցկեղային ուռուցքները:
Քիմիաթերապիայի հաջող կուրսից հետո 2017թ. հուլիսին նա վիրահատվել է և հետվիրահատական քիմիաթերապիան ավարտել նոյեմբերին՝ վերադառնալով բնականոն կյանքի:
Քաղցկեղի ամերիկյան միության տվյալներով՝ Մերի Բոնոմոն 80 տարեկանից բարձր այն քիչ հիվանդներից է, որը 2017թ. հաղթահարել է ձվարանի քաղցկեղը:
«Բժիշկ Անդիկյանը շատ վստահ էր: Նա օգնեց ինձ զգալու, որ ես դրական ելքի շանսեր ունեմ: Ես ինձ լավ էի զգում նրա մոտից դուրս գալուց հետո: Ես ինձ հույսով լի էի զգում: Ես շատ երախտապարտ եմ և օրհնված եմ դրա համար»,- ասել է Բոնոմոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ