Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային բուժելու համար բանկից 300 հազար դրամ վարկ է վերցրել, 3 մլն դրամ տույժ են վրան հաշվել. Օրենք՝ ընդդեմ բանկերի չարաշահման

Դեկտեմբեր 12,2017 19:11

ԱԺ-ում այսօր քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քաղաքացիական օրենսգիրքը տույժերի, տուգանքների առումով ազատական մոտեցում ունի եւ շատ պարտատերեր, որոնք հիմնականում ֆինանսական կազմակերպությունները, առեւտրային բանկերն են հանդիսանում, չարաշահում են թույլ տալիս:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ որոշ բանկեր չարաշահում են տույժերի եւ տուգանքների ինստիտուտը եւ շատ հաճախ իրենց պայմանագրերում այնպիսի տույժեր են դնում, որոնք մի քանի անգամ, դեպքեր են եղել՝ նույնիսկ 10 անգամ գերազանցում են պարտավորության մայր գումարը. «Դեպքեր են եղել, երբ անձը իր հիվանդ երեխային բուժօգնություն ցույց տալու համար դիմել էր համապատասխան բանկին՝ վարկային կազմակերպությանը, վերցրել էր 300 հազար դրամ վարկ, չէր կարողացել մուծել որոշակի ամիսներ եւ հետագայում նրանից պահանջել էին այդ 300 հազար դրամ վարկը՝ գումարած 3 մլն դրամ տույժ ու տուգանք, որովհետեւ հաշվարկել էին 0.5 տոկոս օրական՝ հիմնական գումարից»:

Հիմա օրենսդրական կարգավորումով սահմանափակում են մտցնում, որ տույժ ու տուգանքը չի կարող գերազանցել մայր գումարը, այսինքն, 300 հազար դրամ վարկ վերցնելու դեպքում պարտավորությունը պետք է կազմի առավելագույնը 300 հազար դրամ:

Գործող օրենքով, երբ մարդը գրավ էր դնում գույքը, գրավի առարկան բանկը վաճառում էր, մարդուն թվում էր, թե դա փակել է պարտավորությունը, մեկ էլ որոշ ժամանակ անց բանկը տեղեկացնում է քաղաքացուն, որ ձեր գույքը վաճառել ենք այսքան դրամով, պարտավորությունը չի ծածկել, չեք մուծել, հիմա եւս մի ահռելի գումար պետք է վճարեք: Հիմա առաջարկվում է, որ եթե անձի գույքը վաճառելուց մեկ շաբաթ անց չտեղեկացրեցին անձին, այլեւս որեւէ պարտավորության մասին չեն կարող հիշատակել:

Օրենքն ուժի մեջ է մտնելու այն ընդունելուց 10 օր հետո, բայց այն հետադարձ ուժ չի ունենալու նախկին տույժերի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031