Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ «Մեր թուրքերը» խորագրով մամուլի ասուլիս` հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների, գրական երկխոսության և միջմշակութային հաղորդակցության թեմայով:
Բանախոսներից գրող Արմեն Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «ՀԱՀ» վեպի հայերեն հրատարակության մասին (հրատարակիչ «Անտարես»)` նշեց, որ այդ թարգմանությունը ծնվել է հայ եւ թուրք գրողների ընկերությունից:
«Մենք Բիրգյուլի հետ ծանոթացել ենք Ամերիկայում` 2015-ին, ընկերացել ենք: Այն ժամանակ ես դեռ թուրքերեն չգիտեի, իր գիրքն անգլերեն կարդացի ու հասկացա, որ այն պետք է հայերեն էլ թարգմանվի, որպեսզի հայերին էլ հասանելի լինի: Այնուհետեւ սկսեցինք իրականացնել այս աննախադեպ ծրագիրը, որի վրա 7 թարգմանիչ է աշխատել` համահեղինակային թարգմանության մեթոդով: Նաեւ հատուկ սեմինար էր կազմակերպվել: Նախագիծն աննախադեպ է այն իմաստով, որ ամբողջ գործընթացին հեղինակն ինքն էլ ներկա է եղել, եւ արդյունքում ճամփորդել է Հայաստանում: Նաեւ արդեն երկրորդ անգամ կլինի մեր երկրում, քանի որ գիրքն իրեն կապել է Հայաստանի, մեր մշակույթի հետ, տեղի է ունեցել իսկապես մշակութային փոխանակման մի ծրագիր, որը բոլոր սահմանները կոտրելով` հարստացրել է եւ հեղինակին, եւ իր ինչ-որ տեղ նաեւ մեզ: Շատ ինքնատիպ գրականության հետ պետք է առնչվենք»,-ասաց Արմեն Օհանյանը` Արմեն Հայաստանցին, որը նաեւ գրքի խմբագիրներից մեկն է:
Նրան խնդրեցինք Բիրգյուլի հետ կապված որեւէ տպավորիչ դրվագ պատմել: «Շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել, մեր միջեւ իսկապես անկեղծ, մարդկային, ջերմ հարաբերություններ են ձեւավորվել: Օրինակ, հիշում եմ, որ մեր տանը քեֆ էինք անում, մեծ հյուրասիրություն էր կազմակերպվել, հավաքել էինք մեր ընկերներին, քանի որ գիշերն արդեն պետք է թռչեինք: Մի պահ շատ հուզվել էի: Հիշում եմ, թե ինչպես էր Բիրգյուլն ափսեները լվանում, մորս օգնում էր… Իմ ընկերներն արդեն լավ հարբած, իրենց կորցրած՝ երգում էին հակաթուրքական, դաշնակցական երգեր, ու այդ ամենը շատ բնական էր… Ինքը ամաններն էր լվանում, իսկ այդ պահին ընկերներս գոռում էին` «Զարկեց ճակտին, փռեց գետնին» (ժպտում է-Գ.Հ.)… Շատ բնականոն է ստացվում մտնել մշակույթի մեջ… Մենք իրար հետ անհարմարավետություն չենք զգում, ամենամեծ դիսկոմֆորտը Ցեղասպանության հարցն է, որ մեր առաջ այնպիսի՜ պատ է շարել, որ իրար չենք ուզում տեսնել: Բայց եթե ուզում ենք իրար իսկապես տեսնել, հասկանալ, ընկերանալ, կարծում եմ, դրանից հետո կարող ենք հաղթահարել ցավոտ թեմաները…»,-նշեց Արմեն Հայաստանցին:
Հավելենք, որ Բիրգյուլ Օղուզի «ՀԱՀ»- ը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին եւ արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Հայաստանցու լուսանկարը նրա ֆեյսբուքյան էջից, հեղինակ` Թոմ Լանգդոն