Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը զարմացած է, թե ինչպիսի խորությամբ ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի հայ հասարակության մեջ:
Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը վստահեցրեց, թե հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Պարոն դեսպանը նշեց, որ տեղյակ է՝ 2017-ից մինչ օրս 57 զինվոր է զոհվել սահմանին: Ժոնաթան Լաքոթը հայտարարեց. «Խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր կշիռ ունի հայ հասարակության, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա: Այս հակամարտությունը մեզ մտահոգում է»:
Դեսպանը վստահեցրեց, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պետք է հակամարտությունը տանի դեպի խաղաղ ճանապարհով լուծման. «Ֆրանսիան իր վճռականությունն է ցուցաբերում լիակատար կերպով իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է Մինսկի խմբի կազմում: Մենք գոհունակությամբ ենք մեր կարծիքը հայտնել Ժնևում և Վիեննայում կայացած և եկող տարեսկզբին նախատեսվող նոր հանդիպումներին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ