Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսող գրադարանը»՝ Վանաձորում

Դեկտեմբեր 11,2017 23:40

Այսօր Վանաձորում անցկացվեց «Խոսող գրադարան» նոր ձեւաչափով միջոցառումը: Այս ձեւաչափում, գրքերի փոխարեն մարդիկ են խոսում, իսկ ընթերցանությունը երկու եւ ավելի մարդկանց երկխոսությունն է։ «Խոսող գրադարան» միջոցառման նախաձեռնողները Վանաձորի պետական համալսարանի լրագրության 3-րդ կուրսի ուսանողներն են:

-Ես վերջերս Հոլանդիայում էի, եւ այնտեղ այս ծրագիրն ինձ ներկայացրեցին, եւ մտածեցի, որ Հայաստանում էլ պետք է նման ծրագիր անենք: Հայաստանում մի քանի ՀԿ-ներ արդեն իսկ անում են այս միջոցառումը: Սա նոր ֆորմատ է, մարդկանց բացահայտելու հետաքրքիր մի ձեւ: Մարդիկ՝ մենք բոլորս գրքեր ենք, եւ այստեղ գալիս ենք կարդալու,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՎՊՀ դասախոս, կազմակերպիչ Մանե Պապյանը:

Կազմակերպիչները խոստանում են՝ ծրագիրը կլինի շարունակական, ոչ միայն Վանաձորում, այլեւ Վանաձորի սահմաններից դուրս:

-Սա նորամուծություն է մեր քաղաքում, եւ այսպես լայն մասշտաբով առաջին անգամն է կազմակերպվում: Մենք ունենք շատ հետաքրքիր մարդ-գրքեր: Ընթերցողները փորձում են հարցերի միջոցով մարդկանց կարդալ,-ասում է ՎՊՀ ուսանողուհի Սերինե Սերոբյանը:

«Խոսող գրադարանի» «գրքերն» ամենատարբեր մարդիկ են՝ խաչքարագործից մինչեւ քաղաքական գործիչ, ռոք երաժշտից մինչեւ ՀԿ ներկայացուցիչ:

«ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանն այս միջոցառմանը մասնակցելու համար Երեւանից է եկել: Հանդես է գալիս « խոսող գրքի» դերում. «Նման ֆորմատի բանաձեւը ոչ ֆորմալ կրթության մեխանիզմով շատ կարեւոր է, քանի որ հասարակության տարբեր անդամներ կարողանում են քեզ հարցեր տալ եւ հարցերի պատասխաններն անմիջապես ստանալ: Հուսով եմ, որ շարունակական կլինի, եւ նման ձեւաչափով հանդիպումներ կունենանք նաեւ Երեւանում»:

Վանաձորցի երիտասարդ Վահեի համար, այս ձեւաչափը եւս մեկ հնարավորություն է բացահայտելու ծանոթ ու անծանոթ մարդկանց կյանքի էջերը, նրանցից նաեւ նոր բաներ սովորել. «Ձեւաչափը հետաքրքիր է, քանի որ այն Վանաձորում այդքան էլ տարածված չէ: Հետաքրքիր է նաեւ լսել տարբեր մարդկանց պատմություններն ու տեսակետները: Սա նաեւ հնարավորություն է, որ այն մարդկանց, որոնց որ ճանաչում ենք, կամ մտածում ենք, որ ճանաչում ենք, իրենց, իրենց անցած ճանապարհի մասին նոր բան իմանանք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031