Դեկտեմբերի 11-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքում հանդիսավորությամբ բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այն ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական զարգացման եւ համագործակցության դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ:
Նոյեմբերյանի համայնքապետարանում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցան դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը ցույց տվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակի հնարավորությունները:
Գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության եւ թափանցիկության բարձրացումը, համայնքապետարանի եւ քաղաքացու միջեւ առավել մատչելի եւ դյուրին հաղորդակցության ապահովումը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ ինքն այսօր եղել է Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Ոսկեպար համայնքում եւ համոզվել, որ «մեկ պատուհանի» սկզբունքը գործնականում արդյունավետ աշխատում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ