Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 11,2017 22:45

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Բրյուսել և Փարիզ՝ Եվրամիության առաջնորդների հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին քննարկելու համար:

Բրյուսելում Նեթանյահուն հույս է հայտնել, որ եվրոպական երկրները կտեղափոխեն իրենց դեսպանությունները Երուսաղեմ՝ ճանաչելով այն որպես իր երկրի մայրաքաղաք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահը շուտով հանդես կգա խաղաղության ծրագրի նոր առաջարկով:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, հայտարարեց, որ հակամարտության կարգավորման միակ իրական տարբերակը «երկու պետություններ» մոտեցումն է, որտեղ Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաք 1967 թվականի բաժանարար գծի հիման վրա:

Եվրամիության մայրաքաղաք այցելելուց առաջ Իսրայելի վարչապետը հանդիպում ունեցավ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նեթանյահուն կրկին հայտարարեց, որ Երուսաղեմը միշտ եղել է Իսրայելի մայրաքաղաքը:

«Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է : Երուսաղեմը՝ Իսրայելինը: Այն Իսրայելի մայրաքաղաքն է շուրջ 3000 տարի, իսկ հրեական պետության մայրաքաղաքը՝ 70 տարի»,- հայտարարել է Նեթանյահուն:

Սակայն նախագահ Մաքրոնի ու եվրոպական այլ առաջնորդների մոտեցումներն այս խնդրի վերաբերյալ տարբերվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարների մոտեցումներից: Եվրոպական առաջնորդները քննադատում են նախագահ Թրամփի որոշումը՝ ընդգծելով, որ նման կարևոր հիմնահարց պետք է որոշվի Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների միջոցով: Մաքրոնը ևս սատարում է «երկու պետություն» սկզբունքով կարգավորման տարբերակը, որտեղ արևելյան Երուսաղեմը դիտարկվում է որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք:

«Ֆրանսիան ցանկանում է, որ երկու պետություններն ապրեն խաղաղ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս տեսանկյունից ես բացատրել եմ վարչապետ Նեթանյահուին, որ դեմ եմ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմի մասին հայտարարությանը որը Ֆրանսիան համարում է հակասող միջազգային օրենքին և վտանգավոր՝ խաղաղության համար»,- ասել է նախագահ Մաքրոնը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031