Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը՝ միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, ովքեր Վրաստանի կոմպոզիտորների միության հրավերով պատասխան այցով գտնվում էին Թբիլիսիում։
Դեսպան Սադոյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց հայ և վրացի բարեկամ ժողովուրդների միջև ամենատարբեր ոլորտներում շփումների կարևորությունը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային համագործակցությունը։ Դեսպանը կոմպոզիտորներին մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ ու վերելքներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանությանը և անձամբ դեսպան Սադոյանին ջերմ ընդունելության և Վրաստան կատարած այցի ամբողջ ընթացքում ցուցաբերած ուշադրության համար։
Խոսելով այցի մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ Հայաստանի կոմպոզիտորների միությունը, կարևորելով հարևան երկրների հետ մշակութային համագործակցությունը, նախաձեռնել է այս ծրագիրը, որի շրջանակներում վրացի կոմպոզիտորների պատվիրակությունը երկու ամիս առաջ ճանաչողական այցով գտնվում էր Հայաստանում և Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Գյումրի, Դիլիջան) մասնակցեց համերգների, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իսկ այժմ պատասխան այցն է, որի ընթացքում Վրաստանում կկայանան համերգներ ու այժմ վրացի երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Գիորգի Շավերժաշվիլին, ով նշեց, որ այս նախաձեռնությունը նոր խթան կհանդիսանա հայ և վրացի կոմպոզիտորների միջև երբեմնի սերտ կապերը վերականգնելու առումով։
Վրաստանում ՀՀ դեսպանություն