Լրահոս
Օրվա լրահոսը

Չմտածե՜ս, ես չեմ հոգնի…

Դեկտեմբեր 11,2017 22:24

«Ողջո՜ւյն քեզ՝ Հավերժություն, ես նորից եկա: Ներիր, որ երկար ժամանակ չէի այցելում. պարզապես չէի ուզում նորից զրուցել մոխրացած սրտով ու ջարդված հոգով: Չնայած, ինչո՞ւ եմ արդարանում. չէ՞ որ առանց այդ էլ գիտես, որ կրկին պատերազմում էի ինքս ինձ հետ՝ թափառելով հեռու փողոցներում: Գիտեմ, որ կարոտել ես երբեմն բողոքել սիրող խենթիդ…

Անկասկած, նորից է հրդեհվել կյանքիս սպասված ընթացքն ինչ-որ արգելված փոփոխությունից: Հարկավոր չէ մխիթարել թվացյալ համաձայնությամբ: Միեւնույնն է, այլեւս չեմ լսի, քանզի բանտարկել եմ մոլորված սիրտս, որպեսզի հառաչանքս առաջնորդվի միայն բանականությամբ: Այդ նա է տալիս խառնաշփոթ հարցերիս պատասխանները, այնինչ մինչեւ օրս անհամբեր սրտիս թույլ էի տալիս դուրս գալ իմ դեմ ու պաշտել մռայլ մտքերս:

Հարցրու, թե ի՞նչ եմ մոռացել…ես կժպտամ, կխոնարհեմ գլուխս ու կհիշեմ այն անդուր հիասթափության զգացումը, որը ճանապարհին պատառոտեցի ու նետեցի աղբարկղը: Ինչպե՞ս թե՝ «ինչո՞ւ»: Մի՞թե արժեր նորից կոտորվել մշտատանջ հասարակական կարծիքից, երբ կա անձը կատարելագործելու արդարացի եւ ճշմարիտ ձգտում: Դա է հաղթանակն անորոշության դեմ եւ այն գիտակցումը, թե ինչքանով եմ ես կարող, եւ թե ինչքան են սկզբունքներս դատարկ, եթե շղթայում են միտքս ու խանգարում առաջ նայել բազմակողմանի դատողությամբ:

Պատրանքներս գլխիցս դուրս եմ հանում. չէ՞ որ մտքերս վիճում են ու հերթ չեն տալիս իրար: Բայց հենց դա է իմաստավորում քաղաքային եւ ընտանեկան ձանձրույթը, մյուս կողմից էլ՝ ստիպում մտածել, որ աշխարհն օրեցօր ավելի է հոգնեցնում: Չէ՜, չմտածես, ես չեմ հոգնի…Ուղղակի ափսոս, որ նորից եմ ափսոսում…Իսկ դու ամեն անգամ զգում ես գաղափարներիս տրամադրությունները: Գիտեմ՝ չես մոռանա, որ հոգիս էլ է քեզ պես ազատ եւ երբ հանկարծ հեռանա, կդառնա ինձ պես վիրավոր մեկի զրուցակիցը…

Քեզ սպասված համոզմունքով ասում եմ, որ այսօր անչափ սիրում եմ տխրությունս ու…դավաճանում նրան…նրան այսուհետեւ կհանդիպեմ կարոտած հայացքով եւ կզգամ մեղավոր անտարբերությամբ: Քեզ կմտահոգի, թե այդ դեպքում օրս ինչո՞վ կլցվի: Պարզապես հոգուս բնավորությունները կխառնվեն իրար ու սկսեն կառուցել իրական աշխարհը՝ առանց որոշ զգացմունքների եւ, հատկապես, առանց որոշ մարդկանց: Այո, իհարկե, դա Նրան էլ է վերաբերում: Ո՜չ, այլեւս չեմ սիրում, բայց, երբեմն, պարտադիր է վերհիշել նրա ժպիտներն այն ժամանակ, երբ գիտակցությունս է միայնակ փախչում, երբ սրտիս անորոշ զարկերի տակ քամիներ են թափառում…

Շնորհակալ եմ…միայն հոգուդ երգը բացում է մտքերիս մութ դռները, եւ բոլոր փոփոխությունները, լինեն սպառված դժվարություններ, թե ուշացած հաջողություններ, դառնում են հոգեւոր սփոփանք…

Կրկին շնորհակալ եմ. նորից եմ սեղմում ձեռքդ՝ շարունակելով գիտակցել, որ էլի ունեմ նման հնարավորություն: Չնայած, այն միշտ էլ կլինի, քանզի եւ դու ես հավերժ, եւ միայնությունս՝ անորոշություն, որ կենսարժեք ունի եւ սպանված է…Տխրություն, որ գոյություն ունի եւ հորինված է»…

Ես խնամքով ծաղիկները դրեցի շրջված շիրմաքարին, վեր կացա հանգիստ եւ առանց անուրջ, թափ տվեցի ծնկներիս հողն ու փոշին ու ձեռս տանելով ականջակալներիս՝ քայլերս լուռ ուղղեցի գերեզմանատան դարպասներից դուրս…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Նվիրվում է 2pac Shakur-ի հիշատակին)

Դիմանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Tupac Shakurը ինք, երբեք այսքան գեղեցիկ եւ խորունկ բան չի յօրինել իր կեանքում – որ շատ կարճ եղաւ սակայն, ով գիտէ, թերեւս յետագային գրել/երգելու էր… –

    • Լուիզա says:

      Հարգելի ընթերցող, Ձեր մեկնաբանությունից պարզ է, որ ծանոթ չեք նրա կյանքին, ստեղծագործությանն ու գործունեությանը…

      • Հ.Շ. says:

        ներողութի՞ւն… օրինակի համար, ծանօթ էք, չէ, որ դատուած եւ դատապարտուած է – ԱՄՆում, ոչ Հայաստանում… – սեռային բիրտ յարձակման համար օրիորդը մը վրայ… եւ հետեւաոար բանտ ալ նստած…

        իսկ ինչո՞ւ համար սպաննուեցաւ, արդեօք…

        գալով իր «արուեստին», քանի որ ինծանից աւելի ծանօթ էք անոր եւս,
        պարզ հարցում, սա բառերը իր յօրինած երգի բառերը չե՞ն՝
        «”Murda, Murda, Murda, and Kill, Kill, Kill”

        “Gangsta Rap”ը ստեղծողներից մի հատին մասին է խօսքը…

        այսինքն այն երգերը որոնցմով ուղղակի կը խանդավառուին, կը ներշնչուին պատանիներ, երիտասարդներ, որոնք ահաւոր չափի վայրագութեամբ գործօն, փողոցի խմբակներու անդամ են

        այստեղ նպատակս ձեր բարի զգացումները անտեսել չէ, խնդրեմ որ հաւատաք

        միայն թէ, այսպիսի անձ մը այսքա՜ն գովաբանում, խնկարկում ու փառաբանում էք այստեղ…

        եւ խնդիրը հետեւեալն է՝ Հայաստանի երիտասարդների համար, ով որ լինի դուրսի աշխարհում արտաքին արուեստագէտը, նա անպայման բացառիկ հանճար է, քանզի նա ձեր թթուածինի կապն է այդ արտաքին աշխարհի հետ, որու կենսական կարիքը ունիք

        ես ել խոր ցաւ կը զգամ հենց այս երեւոյթով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031