Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներում կրճատումներ են սպասվում

Դեկտեմբեր 11,2017 22:11

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստում քննարկվեցին համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը:

Աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը:

-Պարոն Օհանյան, մամուլում շատ էր շահարկվում, որ գրադարաններում, աշխատակազմերում կրճատումներ կան, իսկ քաղաքապետարանի աշխատակազմում կրճատումներ եւ այլն չեն լինում: Խնդրում եմ ներկայացնել, անցած տարվա համեմատ մեր մոտ խնայողություն եղել է, թե՞ ոչ,- հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը:

Հարցին պատասխանելու ցանկություն հայտնեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Մեր նախնական հաշվարկներով մենք պետք է համայնքապետարանում 8-10 հոգի կրճատում ունենայինք, բայց կառավարության եւ մեր նոր որդեգրած քաղաքականության, եւ նաեւ կառավարության կողմից ուղարկված ուղեցույցների համապատասխան մենք պարտավոր ենք 2 հաստիք էլ ավելացնենք, կապված համայնքի տնտեսական զարգացման պատասխանատվության, ծրագրերի եւ 1 կոորդինատորի, որը խորհրդականի ձեւով պետք է միացնի այդ աշխատանքները: Հետևաբար` մեր նախատեսածին համապատասխան մեծ տնտեսումներ չենք կարողանում այս պահին ապահովել, բայց նախատեսել էինք 8-10 միլիոն դրամի տնտեսում, հիմա այդ թիվը քիչ է»:

Նիստի անդամներին ներկայացվեց նաեւ համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը:

-Այստեղ գրված է բնակարանային տնտեսության եւ համատիրությունները համակարգող բաժին: Ես 8 տարի է համատիրության նախագահ եմ, ընդհանրապես քաղաքապետարանի հետ կապ չկա, ոչ մի ձեւ համակարգում չկա: Մեր քաղաքն էլ գիտեք, թե ինչքան խայտառակ վիճակ է համատիրությունների հետ կապված, եթե այս կապը կա, համակարգվում է, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ էս խայտառակը վիճակը վերացվի,- դժգոհեց ավագանու անդամ Վահագն Ավագյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ այս տարվա 169 աշխատակցի փոխարեն 2018-ին քաղաքապետարանը կունենան 166 աշխատող:

Տեղեկացվեց, որ հաջորդ տարի կրճատումներ կլինեն նաև Վանաձորի մանկապարտեզներում, մշակույթի տներում, թանգարաններում արվեստի եւ երաժշտական դպրոցներում:

Նիստին ներկա ավագանու ՀՀԿ, ՀՅԴ եւ ՀՎԿ կուսակցությունների խմբակցությունների ավագանու 18 անդամներ միաձայն կողմ քվեարկեցին համայնքային ենթակայության մի շարք հիմնարկություններում կրճատումներ կատարելու վերաբերյալ բոլոր հարցերին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031