Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձան Հայաստանում համընդհանուր իրավունքների մրցանակակիրները (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2017 21:22

Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք, հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների եւ հավասար իրավունքների խթանման դիրքերից:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Խիզախ կին» մրցանակը հանձնվեց Անի Բալխյանին, որն այն քչերից է, ում հաջողվեց դուրս պրծնել սիրիական հակամարտության մահաբեր գոտուց, սակայն վտանգելով իր կյանքը, հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը: Նա խիզախ գտնվեց նաեւ Հայաստանում՝ շարունակելով  օգնել Սիրիայից տեղահանված ընտանիքներին, փախստականների իրավունքների պաշտպանությունն առաջ մղելու եւ Սիրիայից տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ուղղված քայլերով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ին եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հանձնվեց «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակը: «Կառավարության բարեփոխիչ» մրցանակ շնորհվեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում զգալի ներդրում ունեցած Վիգեն Քոչարյանին, «մեդիա գերազանցություն» մրցանակը՝ «Մեդիալաբ» խմբագրություն լաբորատորիային, «Ազատության պաշտպան» մրցանակը՝  Իզաբելլա Սարգսյանին:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները համատեղ սահմանել են «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը», որի դափնեկիրը դարձավ  Գյումրիի «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ին, որը տասը տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 50 ծրագիր, որից օգտվել է հաշմանդամություն ունեցող ավելի քան հազար մարդ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031