Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի կարգավիճակն ու հայկական արձագանքները

Դեկտեմբեր 11,2017 20:12

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ, անպայման, անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետեւանքներ եւ մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թե իրավիճակ փոխելու ուղղությամբ կտրուկ շրջադարձներ զգացնելու ծիրի մեջ:

Աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանի մեջ առանցք կազմած գլխավոր խաղացողների Մոսկվա-Թեհրան-Անկարա առանցքը դատապարտանքի դիրքորոշումով հանդես պիտի գար: Միացյալ Նահանգների նախագահի այս նորագույն հայտարարությունը  հայտարարողական հարթության վրա նոր բաժանարար գիծ է ընկալվում տարբեր գերտերությունների միջեւ: Մինչ, տեղի ժողովուրդը կարող է այդ հարթությունից այն կողմ ավելի թանկ գին վճարել:

Հիմա կարելի է մտածել, որ Երուսաղեմի մասին կատարված այս հայտարարությունը եւս կդիտարկվի շղթայական այս հայտարարությունների շարքում: Անշուշտ չի կարելի հաստատել, որ տարածաշրջանի մեջ նոր սրումներ եւ բախումներ կբացառվեն այս ձեւով: Հիմա կմեկնարկեն Վաշինգտոնի այս քայլը ողջունողների կամ դատապարտողների հայտարարությունները:

Հասկանալի է, որ Երուսաղեմի կարգավիճակի ճշտումը համաշխարհային ուշադրության արժանացած խնդիր է: Առանց խորանալու տարբեր շահագրգռությունների շարժառիթների մեջ, փորձենք ընդգծել հայկական արձագանքների առանցքային բաժինները:

Պաշտոնական Երեւանի  դիրքորոշումը այս հարցի մեջ քաղաքական տրամաբանությամբ հասկանալի է եւ հատկանշվում է հավասարակշռվածությամբ ու նրբությունների հարգումով: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Երուսաղեմի խնդիրը իսրայելա-պաղեստինյան բանակցությամբ լուծվելիք խնդիր է, որի մեջ շատ կարեւոր է խաղաղ եւ կայուն ընթացքը.

«Երուսաղեմում առկա է բազմադարյան հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն: Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ կհետևենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»:

Հիմա ավելի քննական հայացքով քաղաքական այս հայտարարությունը հանգում է այն եզրակացության, որ Երեւանը առանց դիրքորոշվելու իսրայելյան-պաղեստինյան  քաղաքային կարգավիճակի ճշտման  հարցի մեջ, ըստ էության հայտնում է իր անհամաձայնությունը Միացյալ Նահանգների նախագահի կայացրած որոշմանը: Երբ ասվում է, որ խնդիրը հակամարտող կողմերի միջեւ պետք է համաձայնեցվի, նշանակում է, որ երրորդ կողմը չպետք է նման որոշում կայացնի:

Նման դիրքորոշում հրապարակելու հիմնավորումը եւս արդարացված է, այն իմաստով, որ  հայկական պետությունը նախանձախնդրություն է ցույց տալիս պահպանելու բազմադարյան հայկական ներկայությունն ու հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Տեղական հանգամանքների նկատառումով զուտ հայկական թաղամասերի իրավիճակի մասին պարզաբանումներ է տալիս Երուսաղեմի պատրիարքության բանբերը: Մինչ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետը ուղղակի մերժում է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը` այն նկատելով միջազգային օրենքի, արդարության եւ պատմական իրողությանը հակադրվող քայլ: Այս կեցվածքը օրինաչափ է նաեւ համաքրիստոնեական հայեցակետով` Երուսաղեմը պետք է շարունակի մնալ բաց քաղաք միաստվածյան երեք կրոնների առջեւ:

Աշխարհագրական տարբեր միջավայրերից եւ տարբեր պայմաններից հրապարակված  հայկական արձագանգների միջեւ կա ընդհանուր համահնչեղություն: Կարեւոր է վերընդգծել, որ Երուսաղեմում կա հայկական բազմադարյան ներկայություն, եւ այդ առումով համաշխարհային նշանակություն ունեցող քաղաքում գոյություն ունեն հայկական իրավունքներ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031