Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի դատախազ Ենոքյանի դավանանքը կամ դատախազի պատասխանը «Չեմբեռլինին»

Դեկտեմբեր 11,2017 19:44

ՀՀ և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ-ում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։»:

Արդարադատության ու մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված իշխանությունների քայլերը լինելու են ԵՄ հսկողության ներքո: Այդ առումով ԵՄ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական ենթատեքստով դատավարությունները, հատկապես` քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:

Այդ համատեքստում արդեն անդրադարձել ենք դատավոր Գրիգորյանին` «Անդրիաս Ղուկասյանի դատավոր Գրիգորյանի դավանանքը» հոդվածում:

Այժմ անդրադառնանք դատախազ Հակոբ Ենոքյանի դավանանքին:

Ըստ նախագահի ելույթի «մենք»-ի` դատախազ Ենոքյանն այն արժեհամակարգի դավանողներից է, որը խարսխված է մարդու իրավունքների և ազատությունների վրա:

Նա Անդրիաս Ղուկասյանի գործով որպես մեղադրող ընդգրկվեց նախորդ` 05.12.17թ. դատական նիստին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա, որը հղում էր պարունակում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին: Նշված նորմի վերաբերելի մասի համաձայն. «Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների»:

Վերադաս դատախազի գրությունում, սակայն, որևէ բացառիկ դեպքի, ավելին, որևէ դեպքի մասին խոսք չի գնում, դատախազ Ենոքյանն էլ դատարանում չհայտնեց, թե որն է բացառիկ դեպքը, ավելին, հայտարարեց, որ վերադաս դատախազը պարտավոր չէ նշել բացառիկ դեպքը:

Պաշտպանական կողմը այդ հիմքով բացարկ հայտնեց դատախազ Ենոքյանին, դրանում, ի թիվս այլնի, նշելով. «Դատախազի կողմից ներկայացված գրության մեջ որևէ բացառիկ դեպքի մասին խոսք չի գնում, ընդհանրապես որևէ դեպքի մասին խոսքի չկա: Պարզ է թե ինչու, որովհետև դատախազությունը վստահ է, որ այս գործով ինչ գրություն որ ներկայացնի, թեկուզև առանց որևէ հիմնավորման, նախագահող դատավորը դա կընդունի»:

Դատավոր Գրիգորյանը բացարկը մերժեց, ոչ ավել, ոչ պակաս, նշելով, որ թեև գլխավոր դատախազն ու նրա տեղակալները միայն բացառիկ դեպքերում կարող են մեղադրանքի պաշտպանությանը ներգրավել նաև այլ մեղադրողի, սակայն. «օրենքով որևէ պարտավորություն չունեն դատավարության որևէ մասնակցի (դատարան, պաշտպան, ամբաստանյալ) մեկնաբանելու մեղադրանքի պաշտպանությանը լրացուցիչ մեղադրող ներգրավելու համար»:

Օրենքի նման մեկնաբանության պայմաններում «բացառիկ դեպքերում … վերադաս դատախազն իրավունք ունի» ձևակերպման փոխարեն պետք է լիներ` «իր քմահաճույքով վերադաս դատախազն իրավունք ունի» ձևակերպումը:

Մեծ հաշվով այս գործն այդպես էլ ընթանում է` դատախազի քմահաճույք –  դատավորի կատարում:

Այնուհետև պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց վերացնել դեռևս նախաքննությունից քննիչի կողմից Անդրիաս Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների վրա դրված արգելանքը: Միջնորդության հիմնավորումներում նշեցինք նաև, որ այդ սահմանափակումները Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառվում են որպես պատիժ:

Նշեմ, որ հեռախոսային խոսակցությունների, տեսակցությունների իրավունքը սահմանադրական, կոնվենցիոն նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով երաշխավորված իրավունք է, որն, ինչպես նշեցի, Անդրիաս Ղուկասյանի համար սահմանափակվել էր քննիչի գրությամբ:

Դատախազ Ենոքյանը հնարավորություն ստացավ իր պատասխանը տալ «Չեմբեռլինին» և իրեն քիչ առաջ բացարկ հայտնած պաշտպանական կողմի միջնորդության դեմ առարկելով հայտարարեց, որ քրեական գործը զանգվածային անկարգությունների մասին է և նպատակահարմար չէ Անդրիաս Ղուկասյանին հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների հնարավորություն տալը:

Այո, գործը զանգվածային անկարգությունների մասին է և Անդրիաս Ղուկասյանից բացի քրեական գործով մնացած բոլոր մեղադրյալները ազատության մեջ են, մեկնում են արտերկիր, այդ թվում երկարատև ուսման, վերադառնում են, նորից են մեկնում, նորից` վերադառնում և բնականաբար իրար հետ շփվում ու շփվում:

Դա նորմալ է, այդ տղաների նկատմամբ, ինչպես Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շինծու մեղադրանքը, քրեական հետապնդումն ընդհանրապես պետք է դադարեցվի:

Բայց այդ տղաները մեղադրվելով զանգվածային անկարգության կազմակերպման կամ մասնակցության մեջ ազատության մեջ են, իսկ Անդրիաս Ղուկասյանը ըստ մեղադրողի ու դատարանի ոչ միայն պետք է կալանքի տակ մնա, այլ ավելին, պետք է զրկված լինի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցության հնարավորությունից: Եվ սա գործի հրապարակային դատաքննության ժամանակ:

Հարց է ծագում, դատախազ Ենոքյանի դավանանքը նախագահի՞ հայտարարածն է, թե այլակարծություն ունեցող անձանց, Անդրիաս Ղուկասյանին շինծու մեղադրանքով կալանավորելը, կալանավորելուց հետո հեռախոսային խոսակցություններն ու տեսակցությունները արգելելը, շինծու մեղադրանքով գործը դատարան ուղարկելը և դատարանում էլ պնդելը, որ թեև մյուս մեղադրյալները ազատության մեջ են և տեղաշարժի ու շփումների որևէ սահմանափակում չունեն, բայց Անդրիաս Ղուկասյանը պետք է կալանքի տակ մնա, պետք է իր մերձավոր ազգականներին տեսակցելու հնարավորություն չունենա, ընտանիքի անդամների, պաշտպանների հետ հեռախոսային խոսակցության հնարավորություն չունենա, վերջապես պետք է քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն չունենա: Չէ որ ընդդիմադիր է և քննադատում է իշխանություններին:

Սա՜ է դատախազ Ենոքյանի դավանանքը:

Փաստաբան`                                            Կարեն Մեժլումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031