Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Artsakhpress» գործակալությանը
Հարց. Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարեւթյուններ հաստատել Ստեփանակերտի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը։
Պատասխան. Ողջունում ենք Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ։
Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։ Երկկողմ կապերի հաստատումը մնում է մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350 000 բնակչությամբ։ 2016 թ. մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։