Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի օրենք ունենալը նշանակում է խեղաթյուրել իրավապաշտպանների՝ տասնամյակների պայքարը». Զարուհի Հովհաննիսյան

Դեկտեմբեր 11,2017 19:07

«Մեզ համար էլ էր անակնկալ, որ այդքան կարևոր օրենքի քննարկման համար ընդամենը մեկ ժամ էր նախատեսված ՀՀ ԱԺ լիագումար նիստում»,- «Հոդված 3» մամուլի ակումբում, անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում անցկացված հապճեպ քննարկմանը, հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ քննարկման ժամանակահատվածը՝ մեկ ժամը, որոշվել է ԱԺ խորհրդի կողմից, որտեղ իրենք ունենք ընդամենը մեկ պատգամավոր և հետևաբար որոշիչ ձայն չունեն:

Լենա Նազարյանը կարևորեց, որ նման օրենք գործի ՀՀ-ում, բայց, ցավոք, ըստ պատգամավորի՝ այն չի լուծի մեծ խնդիրներ. «Կանայք, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, օրենքին կդիմեն միայն այն պարագայում, երբ այլևս ելք չունենան, բայց շատերը երկար ժամանակ կշարունակեն դիմանալ բռնությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ կանանց համար հենարան, աջակից չէ հասարակությունը, և շատ քիչ է խոսվում այս խնդրի մասին հենց կանանց շրջանում»:

Ըստ Լենա Նազարյանի՝ հասարակության մեջ գիտակցական մակարդակում է պետք շատ բան փոխել, որ նման խնդիրները հնարավոր լինի արմատախիլ անել:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը շեշտեց, թե այս օրենքում միայն կանանց հանդեպ բռնության մասին չէ խոսքը. «Ի վերջո, պետք է պայքարենք մարդու իրավունքների համար: Բռնություն իրականացվում է նաև տղամարդկանց և երեխաների հանդեպ, իհարկե, կանանց նկատմամբ բռնություններն ավելի մեծ տոկոս են կազմում»:

Տիկին Աճեմյանը հավաստիացրեց, որ օրենքի ընդունումը ոչ միայն պարտավորություն է միջազգային գործընկերների հանդեպ, այլև իրականում մենք ինքներս էլ ունենք դրա կարիքը,  քանի որ բռնությունն առհասարակ ավելանում է ոչ միայն աշխարհում, այլև մեր երկրում:

Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը, խոսելով օրենքի նախագծի փոփոխված տարբերակի մասին, ասաց, թե օրինագիծը հիմնականում կրել է կոսմետիկ փոփոխություն և հավելեց.  «Մեր մտահոգությունները գրեթե որևէ կերպ օրինագծում արտահայտված չեն: Այն բոլոր խութերն ու վիճելի դրույթները, որ գոյություն ունեին, այսօր էլ պահպանվում են: Կրկին մնում ենք այն տեսակետին, որ այս օրենքի սոցիալական անհրաժեշտությունն այս կոնցեպտուալ շրջանակներում և այս իրավադրույթների պայմաններում որևէ կերպ արդարացված չէ: Իրականում այն թեզը, որ իշխանությունը նշում է, թե չկա միջազգային պարտավորություն, ամեն պարագայում այս հապճեպությունը, անգամ երկու ամսվա ժամանակահատվածը չօգտագործելը, երբ արդարադատության նախարարությունը օրինագծի վերջնական տարբերակը E-draft կայքում չի տեղադրում և միանգամից ուղարկում է ԱԺ, այս ամբողջը գոնե ինձ համար որպես իրավաբանի՝ միայն մեկ եզրահանգման տեղիք է տալիս, որ, այո, գոյություն ունեն միջազգային պարտավորություններ, ընդհուպ մինչև ժամկետներով սահմանափակված»:

Տիկին Աճեմյանը հավաստիացրեց, թե ինքն էլ է դժգոհ, որ կարճ ժամանակահատվածում են քննարկել օրենքը, բայց նաև ասաց, թե իրենք տեղավորվել են, քանի որ աշխատանքային կարգն եղել. «Երկար խոսվել է այս օրինագծի մասին, ժամանակ էլ կա փոփոխությունների համար: Բայց մեզ մեղադրել, որ դա շատ արագ ենք անում, կարծում եմ, արդարացված չէ: Եթե ունենք միջազգային պարտավորություններ, դա չի նշանակում, որ մենք օրենքը հենց այդ ձևով, ինչպես քննարկում ենք պարտավորությունների շրջանակում, պիտի ընդունենք: Տեսաք, թե ինչքան փոփոխություններ իրականացվեցին»:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը փաստեց, որ օրենքի ընդունումը նախատեսում է կանխարգելման բովանադակություն՝ ինչպես վարվել  և ինչպես կանխարգելել, որ իրավիճակը չհասնի քրեական հանցագործության: Այնուհետև, հղում կատարելով վիճակագրությանը, նշեց, որ ՀՀ-ում բոլոր սպանությունների մեկ երրորդը կատարվում է ընտանիքներում: Ըստ իրավապաշտպանի՝ օրենքի երկրորդ մասով ապահովվում են մեխանիզմներ, որոնք կտրամադրվեն ոստիկանությանը, քանի որ հիմա ոստիկանությունն ասում է, որ չունի լծակներ:

Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե օրենքի բովանդակությունը բավականին փոխվել է, և իրենք ունեն որոշ մտահոգություններ և իրավական փաթեթը հանձնել են պատգամավորներին, որպեսզի դրանք հնչեցվեն: Ամփոփելով տիկին Հովհանիսյանն ասաց. «Իրավապաշտպանների՝ տասնամյակների գործընթացը հանգուցալուծվեց վատի և վատթարագույնի միջև ընտրությամբ: Այսպիսի օրենք ունենալը նշանակում է խեղաթյուրել այն ամբողջ պայքարը, որը տարվել է տասնամյակների ընթացքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031