Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի եւ նրա նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստն էր, որով Թագուհի Մանսուրյանն է որպես ամբաստանյալ հանդես գալիս: Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ՝ հայտնի քրեական գործով արդեն իսկ մեղադրյալի աթոռին է. նա նախորդ տարի շքամուտքի աստիճաններին կացնով հարվածել էր զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր` ծանր վնասվածքներ ստացել:
Այսօրվա դատաքննության մեղադրանքի հիմքում էլ այն է, որ կացնահարվելուց մոտ մեկ ամիս առաջ Թագուհի Մանսուրյանը Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի՝ դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը եւ ձեռքերը:
Այսօր արդեն պետք է հրապարակվեր մեղադրական ճառը, սակայն պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 26-ին՝ 13 00-ին:
Մինչ այդ Թագուհի Մանսուրյանը դատարանին ներկայացրեց իր 3-ամյա երեխայի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր:
Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագան Մանսուրյանը նիստերի դահլիճում չէր կարողանում զայրույթը զսպել եւ մեղադրանքներ էր տեղում Վլադիկ Մարտիրոսյանի հասցեին՝ պնդելով, որ նրա վարքի պատճառով փոքրիկի մոտ առողջական խնդիրներ են առաջացել. հետեւանքը՝ դիմադրողականության կտրուկ անկում:
Aravot.am-ի հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը մանրամասնեց. «Վլադիկն անընդհատ անհանգստացնում էր մեզ, հարձակվում էր մեզ վրա եւ խանգարում մեր անդորրը՝ կոտրում էր տան դուռը, դրսում հարձակվում ինձ, ծնողներիս վրա: Երեխան պարբերաբար այդ ամենը լսելով՝ սթրեսի է ենթարկվել: Մինչ օրս հոգեբանի ենք այցելում, որովհետեւ նյարդային է: Երեխան դեպքին (նկատի ունի կացնահարման դեպքը.-խմբ.) էլ է ականատես եղել, անգամ պատմում է այդ մասին…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ