Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնածառը» գցել են գետնին, ծեծել քաղաքացիներին». «Վարուժան Ավետիսյանն ընդդեմ Ոստիկանության» հայցի քննությունն ավարտվեց

Դեկտեմբեր 11,2017 17:13

ՀՀ վարչական դատարանում այսօր դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ քննվեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հայցն ընդդեմ Ոստիկանության, որով նա պահանջում է 2015թ.( 2016թ) դեկտեմբերի 31-ի գիշերը Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքի ժամանակ, որը կազմակերպել է ինքը, ոստիկանների իրականացրած գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամները որոշել էին Ազատության հրապարակում տոնել Նոր տարին, սակայն ոստիկաններն արգելել էին տոնածառի հանդերձանքով քաղաքացուն՝ Հովհաննես Ղազարյանին մուտք գործել Ազատության հրապարակ. քաշքշուկ էր սկսվել: Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Հայցի քննությունն ամփոփիչ ճառերի փուլում է, որի շրջանակում այսօր Վարուժան Ավետիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանն ընդհանրացրեց կատարված միջադեպը:

Նա նախ ընդգծեց, որ այդ ժամանակ չի եղել Երեւանի քաղաքապետարանի որոշում առ այն, որ արգելվում է տոնածառ բերել Ազատության հրապարակ. «Հավաքը թույլատրվել է, իսկ տոնածառ բերելու մասին քաղաքացիների դիմումը թողնվել է առանց քննության: Այդպիսի որոշումը չի կարելի դիտարկել որպես արգելք: Մեր օրենսդրությամբ նման բան չկա: Մինչդեռ տոնածառի հանդերձանքով Հովհաննես Ղազարյանին տապալել են գետնին, կոտրել ձմեռ պապիի ձեռնափայտը, ծեծել քաղաքացիներին: Մասնավորապես, առանց «կանգ առ» հրամանի՝ երեք ոստիկաններ ոտքով հարվածել են նրան, գցել գետնին: Նա առանց այդ էլ տոնածառի շղթաներով ծանրաբեռնված է եղել, ուստի բավարար կլիներ միայն այն, որ երկու ոստիկաններ բռնեին նրա ձեռքերից եւ կանգնեցնեին»:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ մի քանի ոստիկաններ առանց պատճառի հարվածել են քաղաքացիներին, մինչդեռ վերջիններս ոչ մի գործողություն այդ ժամանակ կատարելիս չեն եղել, այլապես քրեական գործեր կհարուցվեին. «Ոստիկաններից մեկն այնպես է հարվածել քաղաքացուն, որ նա կես ժամ ուշաթափված է եղել: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ պահանջել են մի քանի հարյուր հազար դրամ՝ հետազոտելու համար: Երիտասարդը չի հետազոտվել եւ դուրս է եկել հիվանդանոցից: Մեկ քաղաքացի եւս տեղափոխվել է հիվանդանոց»:

Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանները «ներքին կարգով» են հրահանգ ստացել չեզոքացնել ընդդիմադիր քաղաքացիներին. «Նրանց հրահանգել են ճնշել «Նոր Հայաստան» շարժման անդամներին»: Հավելենք՝ այդ հայցի առնչությամբ Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարել են՝ հավաքի բերվող առարկաների թույլատրելիության խնդիր կա, իսկ հավաքի կազմակերպիչը չի հայտնել, որ պատրաստվում են տոնածառ բերել կամ որ տոնածառի հանդերձանքով անձ է գալու (ըստ Տիգրան Հայրապետյանի՝ «մարդ-տոնածառը» Վարուժան Ավետիսյանի գաղափարը չի եղել), ուստի տոնածառի հանդերձանքը դիտարկվել է որպես արգելված իր:

Այսպիսով՝ այս հայցի քննությունն այսօր ավարտվեց: Վարչական դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17.55-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031