Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողի մրցույթներ չեն եղել. մասնագետներ չեն եղել

Դեկտեմբեր 11,2017 16:44

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը վստահեցնում է՝ եթե անգամ քաղծառայության ոլորտում կրճատումներ են եղել, ապա դա շատ խորհրդանշական թիվ է կազմում, այսինքն՝ այս համակարգում շատ մարդիկ չեն զրկվել աշխատանքից:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունում մեկնարկել էր ՊՈԱԿ-ների կրճատում ու «ավելորդ» աշխատակիցների կրճատում, որը հիմնավորվում էր կառավարման համակարգում օպտիմալացումով: Այսօր «Հայելի» ակումբում Բադալյանն անդրադառնալով կրճատումներին, ասաց՝ «Եթե քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատումներ են եղել, դրանք ավելի շատ վերաբերել են թափուր պաշտոններին, եւ եթե առաջիկայում դրա անհրաժեշտությունը լինի, համակարգում կան թափուր պաշտոններ, հաստիքներ եւս կկրճատվեն: Վերջերս էլ Ազգային ժողովում խոսվեց կրճատումների մասին եւ մի քանի հազար հաստիքների մասին էին ասում: Բայց եթե ասում են պետական հատվածում, դա չի վերաբերում հենց քաղաքացիական ծառայությանը, որովհետեւ կան պետական բազմաթիվ հիմնարկներ, դրանց են վերաբերում: Քաղծառայությունում ունեինք 7000 հաստիքներ, այսօր էլ այսքան կան»:

Բադալյանը վստահեցրեց, որ պետական կառավարման համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ, որոնք բխում են նոր Սահմանադրությունից: Այդ փոփոխություններով, ըստ Բադալյանի, քաղաքացիական ծառայության համակարգի շրջանակը զգալի ընդլայնվելու է, քաղծառայությունը տարածվելու է հանրային ծառայության այլ տեսակների վրա:

Բադալյանի ներկայացմամբ՝ քաղաքացիական հատուկ ծառայությունը փոփոխության արդյունքում դառնալու է պարզապես քաղծառայություն, եւ այս փոփոխությունը վերաբերում է մաքսային եւ հարկային ծառայությանը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի աշխատակազմին, դատախազությանը, դատական դեպարտամենտին, քննչական մարմինների աշխատակազմին, եւ այս նշված համակարգերում էլ քաղծառայության ինստիտուտ են ներդնելու:

«Այժմ մշակվում է քաղաքացիական ծառայության նոր օրենքի նախագիծ, որը փորձելու է այս հարցերին լուծումներ տալ։ Սա պայմանավորված է ՀՀ մասնատված հանրային ծառայության միասնականացմամբ։ Միեւնույն չափորոշիչները կսահմանվեն բոլորի համար»,-ասաց Բադալյանը: Նրա խոսքերով՝ այժմ գործում են ավելի քան 20 ծառայությունների մասին օրենքներ, իսկ մշակվող նոր օրենքով տարբեր ծառայությունների համար տարբեր մոտեցումներին վերջ է դրվելու. «Ինչո՞ւ ունենալ այդքան խայտաբղետ ու այդքան մասնատված հանրային ծառայության տեսակներ, երբ հանրային ծառայությունն ամբողջովին ենթադրում է միասնական տրամաբանություն, ենթադրում է լուծում, որ նույնը լինի բոլորի համար: Ասենք՝ դատական կամ մաքսային ծառայություներում միասնական լինեն լուծումները»:

Ըստ Բադալյանի, քաղծառայության մասին նոր օրենքի նախագիծը հավանաբար կառավարությանը կներկայացնեն գարնանը:

Ինչ վերաբերում է քաղծառայության մրցույթներին, ապա Բադալյանը վստահեցրեց՝ կազմակերպված մրցույթներից 13%-ում հաղթողներ չեն եղել, մոտ 13%-ի չափով էլ մրցույթներ չեն իրականացվել, քանի որ մասնակիցներ չեն եղել: Սրա պատճառն, ըստ Բադալյանի, ոչ միայն մասնագետների բացակայությունն է, այլեւ այն պատճառով, որ շատ պաշտոններ այլեւս անհրաժեշտ չեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031