Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան. «Եթե անհատական պատասխանատվություն լինի, պատվերով ակտ չի լինի»

Դեկտեմբեր 11,2017 16:24

Եթե hարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով վնաս է եղել, ապա վնասը հատուցվում է ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հանձնաժողովում քննարկվում էր «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու օրենքի նախագիծը:

«Եթե դու անում ես վարչարարություն, որով 3-րդ անձին վնաս ես պատճառում, այդ վնասը հաստատվում է իրավական ակտով եւ փոխհատուցման սկզբնական աղբյուր դիտվում է տվյալ մարմնի խրախուսման եւ զարգացման ֆոնդը: Եթե լավ վարչարարություն ես անում, ապա բնական է, որ պետք է միջոցներ լինի` խրախուսման համար: Իսկ եթե խնդիր է եղել վարչարարության հետ, բնական է, որ պետք է քո պարգեւատրումները առաջնային ֆինանսավորման աղբյուր դիտվեն»,- փոփոխությունը ներկայացրեց նախարարը: Ըստ նրա, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաեւ ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռի թեթեւացմամբ: Գործող օրենքով, փոխհատուցումն իրականացվում էր բյուջեի միջոցների հաշվին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց-առաջարկ հնչեցրեց. «Եթե ակտը ճիշտ չի կայացվել, ինչո՞ւ պետք է խրախուսում ստացողը չփոխհատուցի վնասը: Այսինքն, առաջարկում եմ, որ ոչ թե համակարգը փոխհատուցի վնասը, այլ խրախուսում ստացողը: Եթե ինքը հասկանա, որ անհատական պատասխանատվության է ենթարկվում, ապա մի քիչ երկար կմտածի»: Իր առաջարկած մեխանիզմը կիրառելու դեպքում, ըստ պատգամավորի, անգամ եթե հարկային տեսուչը վերադասից հրաման ստանա այս կամ այն ընկերությանը տուգանելու`կիմանա, որ անհատական պատասխանատվություն է կրելու եւ անօրինական գործողություն չի կատարի. «Եթե անհատական պատասխանատվություն լինի, ապա այլ է ու պատվերով ակտ չի լինի»:

Վարդան Արամյանը պատասխանեց` առաջարկված մեխանիզմը գործում է, գործող օրենսդրության շրջանակում դրված է նաեւ որոշակի բալանսի սկզբունքը. «Եթե կլինի այնպիսի իրավիճակ, օրինակ, որ 2-3 տեսուչով գնացել են ու ակտ են գրել, եւ հետագայում դատարանի որոշմամբ այդ ակտը ոչ իրավաչափ է ճանաչվել, տնտեսվարող սուբյեկտն էլ պահանջում է հատուցել պատճառված վնասը` կլինեն համապատասխան գործողություններ: Ենթադրենք ասում է, որ չհաշված հարկերը նաեւ 20 մլն վնաս ես պատճառել, հիմա այս 20 մլնի փոխհատուցումը պետք է դիտարկվի տվյալ մարմին պարգեւատրման ֆոնդը, որովհետեւ տվյալ ֆոնդն աշխատակիցների լավ վարչարարության արդյունքում է ձեւավորվում: Հետագայում մարմինը, եթե ցանկանում է այդ միջոցները վերադարձնել, ապա ռեգրես հայցով մտնում է դատարան»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը համամիտ է Վարդան Արամյանի հետ. «Պետություն փողը տուր, հետո քո աշխատողի հետ հարցդ լուծի»: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Այն կքննվի վաղը կայանալիք ԱԺ արտահերթ լիագումար նիստի օրակարգում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031