Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» վերագործարկման համար պայքարողների շարքերն օր օրի պակասում են

Դեկտեմբեր 11,2017 16:16

«Նաիրիտ» գործարանի եղած մասնագետները ծերանում են, երիտասարդներն էլ հանրապետությունից գնում են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Նաիրիտ« գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

Ըստ նրա, եթե որոշեն «Նաիրիտը» վերագործարկել, երկու-երեք տարի հետո ոչ մի մասնագետ չի լինելու. «Նաիրիտում» շարքային մասնագետ-բանվոր պատրաստելու համար առնվազն հինգ տարի է պետք»:

Պարոն Թադեւոսյանի խոսքով մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ պարտք մնացած գումարները` մոտ 300 միլիոն դրամ, տրամադրվեց գործարանի նախկին աշխատակիցներին եւ այժմ պարտք ու պահանջ չկա, սակայն գործարանի վերագործարկման հարցը օրակարգում է: Աշխատակիցները ամեն շաբաթ կառավարության առաջ բողոքի ցույց են անում` պահանջելով գործարանն աշխատեցնել: Նրանք տարիներ առաջ գործարանի համար առողջացման ծրագիր էին ներկայացրել, սակայն, ինչպես պարոն Թադեւոսյանն ասաց, կառավարությանն այն չհետաքրքրեց:
«Նաիրիտն» այս կառավարության խելքի բանը չէ: Կառավարությունում ինժեներներ չկան նստած, այդ պատճառով էլ «Նաիրիտը» տանում են կործանման: Գործարանը սնանկացման է գնում, երկու տարի հետո եղած-չեղածը կվաճառեն ու վերջ»,- ասաց նա:
Հրաչ Թադեւոսյանը գտնում է, որ «Նաիրիտը» միանգամայն ենթակա է վերագործարկման: Ըստ նրա, գործարանի մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ գործարանի վերաբացման համար 80 միլիոն դոլար կպահանջվի: Մինչդեռ կառավարությունն այդ ծրագիրն իրատեսական չի համարում.

«Նաիրիտի» արտադրանքը միշտ էլ մրցունակ է եղել եւ իրացման խնդիր երբեք էլ չի եղել: Եթե պահեստում ապրանք է եղել, ապա, այսպես ասած, սակարկել են` էժանով տան, թե՞ թանկով»:

Մեր հարցին, թե Եվրոպական հայերի ֆորումի նախագահն էր պատրաստակամություն հայտնել փուլ առ փուլ ներդրումներ անել եւ գործարանը ոտքի կանգնեցնել, ինչո՞վ ավարտվեց այդ նախաձեռնությունը, պարոն Թադեւոսյանը պատասխանեց` կառավարությունը չցանկացավ այդ ներդրողի հետ աշխատել:

Գործարանի նախկին աշխատակիցները «Նաիրիտը» վերագործարկելու պահանջով ցույցերը շարունակելու են, չնայած, որ օր օրի, ինչպես պարոն Թադեւոսյանն է ասում, նրանց շարքերն էլ նոսրանում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031