Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել

Դեկտեմբեր 11,2017 15:43
kasharq

Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Այսպես, 2017թ. մայիսի 16-ին` Ն. Մ.-ն, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ, «Աբովյան տեխնիկական դպրոց» ընկերության գործնական վարման վարպետ Ալբերտ Կուրանյանին, ով վստահեցրել է, որ իր միջնորդությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Ն. Մ.-ն, հասկանալով, որ համապատասխան գիտելիքներ չունեցող անձին վարորդական վկայական տրամադրելը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել, դրանք կանխելու նպատակով դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ քաղաքացին կաշառքի գումարը տվել է Ա. Կուրանյանին և վերջինիս ուղեկցությամբ գնացել «Ճանապարհային ոստիկանության» Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք: Ա. Կուրանյանը նախապես իրենց այցելության մասին տեղեկացրել է նշված հաշվառման-քննական բաժանմունքում տեղադրված վճարային համակարգերի սպասարկմամբ զբաղվող Անդրանիկ Պապիկյանին, ով Ա. Կուրանյանից վերցրել է կաշառքի գումարն ու Ն. Մ.-ին ուղեկցել հաշվառման-քննական բաժանմունք:

Այնտեղ հիշյալ բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը Ա. Կուրանյանի ու Ա. Պապիկյանի միջնորդությամբ ստացել է կաշառքի գումարը, որի դիմաց, տեսական քննության ժամանակ Ն. Մ.-ի կողմից հարցերին սխալ պատասխանելուց հետո, ինքն է կատարել անհրաժեշտ շտկումները, այնուհետև շահադիտական նպատակներով կազմել և ստորագրել է տեսական քննություն արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող արձանագրություն` այդ կերպ ապահովելով գործնական քննությանը Ն. Մ.-ի մասնակցությունը:

Այնուհետև վերջինս մասնակցել է գործնական քննությանը, որի ընթացքում սահմանված կարգով չի կատարել առաջադրված վարժությունները, սակայն տեսուչ Կ. Չոբանյանը գործնական քննությունը նույնպես գնահատել է «դրական»:

Արդյունքում` նույն օրը, անհրաժեշտ տեսական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Ն. Մ.-ին տրվել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Կուրանյանին և Ա. Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Չոբանյանի և Ա. Կուրանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031