«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանի տվյալներով, 2017-ի ընթացքում իրավունքների պաշտպանության համար իրենց կազմակերպություն է դիմել 382 քաղաքացի, 45 քաղաքացի ահազանգել է՝ ոստիկանության բաժնում ոստիկանների հետ միջադեպեր ունենալու մասին. «35 դատական գործ ունենք, 46 անազատության մեջ գտնվող քաղաքացիներ ահազանգել են իրենց իրավունքների խախտումների մասին, 41 շահառու էլ ստացել է հոգեբանական աջակցություն»:
Այսօր «Մեդիա կենտրոնում» փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ անդրադարձավ Արարատ Խանդոյանի գործին՝ բարձրաձայնելով, ըստ իրեն, մի շարք անօրինականություններ. «Որեւէ ապացույց չի եղել Արարատ Խանդոյանի մեղադրանքը ապացուցող: Հատուկ միջոցների կիրառման արդյունքում Խանդոյանը ստացավ մի շարք մարմնական վնասվածքներ, նրա աչքը վիրահատվեց միայն դեպքից ութ ամիս անց, նա նաեւ ենթարկվել է ՔԿՀ-ում դաժան վերաբերմունքի, Խանդոյանի երեք գործերը այժմ Եվրոպական դատարանում են»:
Փաստաբանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռերի» գործին՝ դժգոհելով, որ այս գործով խախտվել են ոչ միայն մեղադրյալների, այլեւ գործով ներգրավված փաստաբանների իրավունքները. «Փաստաբանների պալատի կողմից փաստաբանների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ են կայացվել, Արարատ Խանդոյանի գործով իմ նկատմամբ էլ է նման որոշում կայացվել: Նաեւ չմոռանանք, թե ինչպես էին «Սասնա ծռերի» անդամներին դատարանի նկուղներում դաժանաբար մեր ներկայությամբ ծեծի ենթարկել, ու մենք որեւէ օգնություն չենք կարողացել ցուցաբերել մեր պաշտպանյալներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ