Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիտեինք՝ վրացական գինին է ամենալավը, բայց կարծում եմ՝ հայկականն է». Ճապոնիայի դեսպան

Դեկտեմբեր 11,2017 14:47

Լավ ճանապարհներ, հյուրանոցներ, ճապոներենի լավ իմացությամբ թարգմանիչներ. ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի համար ՀՀ-ում տուրիզմի զարգացման հարցում կարևոր է այս պայմանների բավարարումը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Էյջի Տագուչին փաստեց, որ ՀՀ-ի կողմից Ճապոնիայի հետ վիզային ռեժիմի վերացումը դրական խթան է եղել զբոսաշրջության զարգացման համար:

Խոսելով ՀՀ-ի և Ճապոնիայի միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների զարգացման մասին ՝ Ճապոնիայի դեսպանն ասաց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առել դեռ 1988-ին, երբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ աշխարհում առաջին անգամ Ճապոնիան փրկարար խումբ ուղարկեց ՀՀ:

Ըստ դեսպանի՝ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական չէ երկու երկրների փոխհարաբերությունների և գործընկերության համար, շատ այլ ոլորտներ էլ կան: Ապրանքաշրջանառության հետ կապված դեսպանը մանրամասնեց. «Հայտնի է, որ Ճապոնիայից Հայաստան են ներկրվում մեքենաներ և տարբեր տեսակի սարքավորումներ, արդյունաբերական տեխնիկա: Լավ կլինի, որ հետագայում հնարավորություն ընձեռվի նաև, որ Ճապոնիայից ՀՀ ներկրվեն նաև բժշկական, էլեկտրական սարքավորումներ, նոր տեսակի նյութեր: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ից Ճապոնիա արտահանմանը, ապա Ճապոնիայում հետաքրքրված են հայկական գինիով, մեղրով և մրգաչրերով»:

Էյջի Տագուչին հավաստիացրեց, որ այս ուղղությամբ քայլեր իրականացվում են, օրինակ՝ 2018-ին կկազմակերպվի Food Expo, որին կմասնակցեն նաև ՀՀ-ից ներկայացուցիչներ և կներկայացնեն հայկական գինի, մրգաչրեր, մեղր:

Դեսպանը տեղեկացրեց, որ ճապոնացի ներդրողների համար հետաքրքրություն է արժանացնում ՀՀ-ում նորարար տեխնոլոգիաների, տուրիզմի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտը: Այնուհետև շեշտեց. «Ներդրումների առումով այս տարին կարևոր է, քանի որ երկու երկրների կառավարությունների միջև մոտ ապագայում՝ եկող շաբաթ կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր: Այս համաձայնագիրը ոչ թե կոնկրետ սահմանում է, թե որ ոլորտներում որքան ներդրումներ են կատարվելու, այլ ընդհանուր համաձայնագիր է, որը պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության համար: Այն ուղեցույց, ընթացակարգ է երկու կողմերի պարտականությունների, իրավունքների համար»:

Դառնալով ՀՀ-ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրին և հարցին ՝ ի՞նչ միջավայր կարող է ստեղծվել հայ-ճապոնական համագործակցության համար, պարոն դեսպանն արձագանքեց, թե անցյալ շաբաթ Ճապոնիան էլ է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, ինչը ևս նմանություն է:

Այնուհետև հավելեց. «Այն, որ ՀՀ-ն միակ երկիրն է, որն անդամակցում է և՛ ԵՏՄ-ին, և՛ ԵՄ-ին, սա կարևոր առավելություն է համագործակցության համար, որը հետաքրքրություն է առաջացնում ամբողջ աշխարհի ներդրողների և այն մարդկանց մոտ, որոնք կցանկանան արտադրություն հիմնել ՀՀ-ում»:

Ճապոնիայի դեսպանն, ընդհանուր առմամբ, գոհ է, թե ինչպես են ՀՀ-ում ծախսվել Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված գումարները: Այս առիթով նա տեղեկացրեց. «Ճապոնիան ոչ միայն դրամաշնորհային օգնություն է ցուցաբերել Հայաստանին, այլև Ճապոնայի կառավարության կողմից տրամադրվել են անհատույց գումարներ, տեխնիկական վերազինման համար օգնություն՝ մոտ 450 մլն ԱՄՆ դոլարի մասին է խոսքը»:

Հարցին՝ Ճապոնիայում հայկական ո՞ր ապրանքատեսակն է ամենաճանաչվածը, պարոն դեսպանը պատասխանեց. «Ամենաճանաչված և ամենահայտնի ապրանքատեսակների թվում է Արարատ հայկական կոնյակը, մեղրը և մրգաչրերը: Նաև հայկական գինին է օրեցօր դառնում ավելի հայտնի: Մինչ օրս տարբեր երկրներում, այդ թվում նաև Ճապոնիայում կարծում էին, թե Վրաստանում է ամենալավ գինին, բայց ես կարծում եմ, որ հայկականն է և հուսով եմ, մոտ ապագայում հայկական գինին կդառնա ավելի հայտնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031