Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալանչիների խմբավորում է կայացել, նրանք ներվել են, որովհետեւ լավ են ձայներ հավաքում». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 14:05

«Երկար ժամանակ բոլորս գիտենք, որ կան եւ եղել են գող, թալանչի համայնքի ղեկավարներ: Նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ժամանակ, թալանել են՝ ինչպես կարողացել են, թալանել են՝ առանց հանգստանալու, առանց շունչ քաշելու: Դա բոլորս գիտենք: Փաստորեն, Սերժ Սարգսյանի ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունները տեղյակ են թալանի մասին, իրավապահ մարմինները իրենց տեղում են եղել, հասել է դա տեղ, որ պետք է դատապարտվեն եւ միջնորդություններ են եղել, այդ մարդկանց ներվել է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով  նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը

Մարուքյանի մեկնաբանությամբ՝ նախագահն ասում է, որ ներել ենք, որովհետեւ մտածել ենք, որ տեղական ինքնակառավարումը կայանա. «Ըստ էության, ոչ թե ՏԻՄ-ն է կայացել, այլ՝ թալանչիների խմբավորում է կայացել: Նրանք ներվել են, որովհետեւ լավ են ձայներ հավաքում, լավ են ընտրակաշառք բաժանում: Բաժանել էլ կա, բաժանել էլ: Դրանք այն արդյունավետ բաժանողներն են, որոնք ներվել են: Դրանք ՀՀԿ-ի անդամներ են եւ իշխանությունը ներել է նրանց՝ ամենաբարձր մակարդակով»:

Ըստ Էդմոն Մարուքյանի, այն, որ կոռուպցիայի մակարդակով ՀՀ-ն շատ վատ հորիզոնականներում է աշխարհում, այդ ամեն ինչը օդից չի:

Մարուքյանն ասաց, որ եթե ինքը լիներ գլխավոր դատախազը, ինքն անպայման Սերժ Սարգսյանի ելույթից հետո ընթացք կտար. «Նրանք ներվել են ոչ իրավական ընթացակարգերով: Որքան հասկանում եմ, իրավապահ մարմինները նորմալ են աշխատել, բացահայտել են, զեկուցել են: Սա խոսում է նրա մասին, որ բոլորն իմացել են, բայց չի փաստաթղթավորվել կամ կարճվել է ինչ-որ պահին: Օրինակ, Վանաձորում «Նիվա» մեքենայի վրա 1 մլն դրամ փող են դուրս գրել, հաղորդում եմ ներկայացրել՝ լուր չունեմ»:

«Ելքի» պատգամավորի խոսքով՝ նախագահն ասում է, որ մինչեւ Նոր տարի ինչ կարող եք արեք, հետո չեն ներվելու:

Aravot.am-ի հարցին՝ նախագահն իր ելույթում նաեւ կարծես կշտամբում է քաղաքացիներին լոդրության համար, ասում է՝ նույն տեղում են ապրում, նույն կարկուտն է, նույն ոռոգման ջուրն է, մի ընտանիք լավ է ապրում, մյուսը՝ վատ, եւ այլեւս պետության վզին չպետք է մնան, դուք այդ կշտամբանքը տեղի՞ն եք համարում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ երբ մենք կշտամբում ենք՝ հասկանալի է, բայց երբ քաղաքացուն կշտամբում է իշխանությունը, որը այս օրին է գցել, քաղաքացին չունի ապրելու պայմաններ, չկա անկախ դատարան ու այս ամեն ինչի կոնտեքստում քաղաքացուն մեղադրել չաշխատելու համար, լոդր լինելու համար, իշխանությունը դրա իրավունքը չունի: Եթե ինքը լավ աշխատած լինի, սպառած լինի իրեն ու քաղաքացուն մեղադրի, կարող է վերջին հաշվով քաղաքացուն մեղադրի, բայց այս պարագայում քաղաքացուն ուղղված կշտամբանքը, մեղադրանքը տեղին չի. «Մի հատ մտեք մարզպետարանները նայեք, էդ ո՞վ է աշխատում, մարզպետարանների կոմպյուտերի մեջ մի հատ խաղ կա, կլոր է, շարիկ է, պտտվում է կլորը, շարիկը գալիս է գմփում է, մարզպետարաններում այդ խաղը ինստալյացիա արած է, արդեն 20 տարի է՝ խաղում են»: Ըստ Մարուքյանի, պետական ապարատն ուռճացված է, բեռ է պետության վրա ու այդ բեռը մեղադրում է ՀՀ քաղաքացիների՞ն, որ մեկը լավ է ապրում, մյուսը՝ վատ. «Կարող է այդ մի ընտանիքին Գլենդելից ամսական 600 դոլար փող են ուղարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031