Երեկ Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասի «Կանգառ» խանութի դիմաց դանակահարել են Այգաբացի փողոցի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Տոնոյանին։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նրան հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի ձախ մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքով՝ հեմաթորաքսով, վիճակը միջին ծանրության է։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ փոխանցեց հետևյալը․ «Դեկտեմբերի 10-ին կրծքավանդակի ձախ հատվածի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ա․Տ-ն։ Անմիջապես իմ հանձնարարությամբ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այժմ կատարվում են բազմածավալ, քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդեն իսկ կա կասկածվող անձ։ Հետախուզական մարմնի կողմից կատարվում են համապատասխան միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար»։
Կասկածվողը 19-ամյա Ռ․Մ-ն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք հարևաններ են, նրանց միջև լարված հարաբերություններ են սկսել այն պատճառով, որ տուժողի՝ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող քեռին մշտապես այցելել է Ռ․Մ-ի տուն, անհանգստացրել է նրանց։ Երեկ էլ Ռ․Մ-ն իր մոր հետ գնացել է Ստրոմմաշ թաղամասում գտնվող «Կանգառ» խանութ, որտեղ և հանդիպել է Ա․Տ-ին։ Նախնական վարկածով, տուժող Ա․Տ-ն Ռ․Մ-ի մոր հասցեին հայհոյանքներ է հնչեցել, որն էլ դարձել է դանակահարության պատճառ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ