Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ գող գյուղապետերի մասին. «Թույլ տվողները մենք ենք եղել նաեւ, մենք էլ ենք լռել, մեզ պետք է եղել, որ…» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 13:17

Դաշնակցական գող գյուղապետեր կա՞ն: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները այս հարցն ուղղեցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում խոսել էր չարաշահումներ թույլ տված եւ ներված համայնքապետերի մասին: Ուստի լրագրողները նաեւ հարցրեցին՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը անարդար չէ՞ եւ ընտրողական վերաբերմունքի մասին չի՞ խոսում Մարգար Օհանյանի, Վազգեն Խաչիկյանի նկատմամբ, որոնք չարաշահում են թույլ տվել եւ բանտ նստել: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, ես այդպիսի փաստ չունեմ դաշնակցական գող գյուղապետերի մասին»: Նա ասաց, որ եթե այդպիսի ահազանգ լսեն էլ, չեն սպասի, նրան անմիջապես բաժին կուղարկեն՝ որպես դաշնակցական կարձագանքեն, բայց այլ լիազորություն չունեն. «Շատ ուրախ կլինենք, որ եթե այդպիսի ահազանգ ունենաք՝ բացահայտենք դա, համապատասխան ձեւով հանդես կգանք»:

Մենք հարցրեցինք՝ Դուք ասացիք, որ ահազանգեր են եղել չարաշահող համայնքապետերի հետ կապված, ովքե՞ր են այդ համայնքապետերը, որոնք չարաշահել են, բնակչությունն իրավունք ունի՞ իմանալ նրանց մասին, այսպես «կալմեջ» անելով հո չի՞, եթե կա ահազանգ, ումի՞ց եք ստացել այդ ահազանգը եւ կոնկրետ ո՞ր համայնքապետերի մասին է խոսքը՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ես այդ լիազորությունը չունեմ, որ այդ քննությունն անեմ եւ անունները տամ: Դրա համար կոչված են մարմիններ, որոնք դա պետք է անեն, բայց այդ մարմինները չեն արել, այո՛ չեն աշխատել այնպես, ինչպես դա պարտավոր էին անել: Մենք դրա մասին գիտեինք, բայց ասում ենք՝ քանի որ դա բարձր պաշտոնյաներն են ասում, այ դա լավ չի, որ իրենք ասում են: Այդ համակարգն ինքն իր մեջ արդեն թաքցնելու շատ լավ մեխանիզմներ ու հնարավորություններ է ապահովել բոլորի համար, որպեսզի կարողանան թաքնվել տարբեր թաքստոցներում եւ ինչ ուզենան, անեն, որովհետեւ վերահսկողական մեխանիզմներ կոնկրետ գործող պատասխանատվություն, դրան հետեւող պատիժ՝ այդպիսի համակարգ Հայաստանում դժբախտաբար մինչեւ օրս չի հաստատվել լիարժեք»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը հաղորդում չէ՞ այն մասին, որ ես նախարարի կամ մարզպետի միջնորդությամբ հանցագործություն կատարած գյուղապետին չեմ ազատել աշխատանքից՝ Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, դրանից չի ենթադրվում միջնորդություն, որն ինքը լսել է, պարզապես ուզում է ասի, որ գործընթաց է տեղի ունենալու եւ որեւէ մեկը հին մեթոդներով նախկին հոգեբանությամբ չփորձի կանխել, ոնց որ Հայաստանում միշտ եղել է՝ միջնորդությամբ են անում, հովանավորչությամբ են անում, փորձում են կոծկել կատարվածները: Այսինքն, պարզ հայտարարվում է, որ այդպիսի դրսեւորումները այլեւս հնարավոր չի լինելու նոր Հայաստանում»:

Լրագրողները ճշտեցին՝ այլեւս չի՞ ներելու նախագահը՝ նա պատասխանեց. «Նախագահը չի, որ պիտի ների, կամ չների, համակարգն այնպիսին է լինելու, որ վերահսկողներն են շատ լինելու, մի հոգի չի լինելու, որեւէ մեկը չի կարող նախագահով, մարզպետով կամ որեւէ մեկի միջոցով պատսպարվել եւ խուսափել պատասխանատվությունից»:

Հարցին՝ պե՞տք է նոր Հայաստան գնալ Սերժ Սարգսյանի հետ, որն իր օրոք կատարված այսպիսի հանցագործություններ խոստովանեց՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Գիտեք, նաեւ փաստ է, չէ՞, որ նույն Սերժ Սարգսյանի օրոք են այս փոփոխությունները կատարվել: Սա օդից չեկավ»:

Հարցին՝ այս պահին գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն չպե՞տք է զբաղվեն Սերժ Սարգսյանի հայտարարությամբ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ միայն նախագահի հայտարարությունից հետո պետք է անեն, դա իրենց սրբազան պարտքն է եւ պարտավոր էին դա անել: Ինչու չեն արել, որովհետեւ եղել է այնպիսի մի համակարգ, որն անձնակենտրոն է եղել, մարդիկ այդ հոգեբանությունից դեռ չեն ազատվել»:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանն ասում է. «Իմացեք, իրավիճակ է փոխվել Հայաստանում, այն հին մեթոդներն ու կարգերը վերացել են»: Հարցին՝ Սերժ Սարգսյանը եթե ներել է նրանց, էլ դատախազությունը նրանցով ի՞նչ զբաղվեր՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես փաստ չունեմ, որ եղել են նման դեպքեր, հովանավորել է Սերժ Սարգսյանը: Նա չի ասում, որ եղել է, թաքցրել են, ասում է՝ գիտենք, որ այդպիսի բաներ լինում են: Եթե մարդուն ուզում են պատժել, այդ պատիժը պետք է լինի հիմնավոր: Դու չես կարող հայտարարությունների հիման վրա մարդուն տանես դատարան»: Ռուստամյանն ասաց, որ ինչ վարկած ասես, կարող ենք ասել, թե ընտրություններին գող գյուղապետերը ձայն են բերել, դրա համար էլ ներվել է, բայց պետք է փաստեր. «Երբ ասում եք բռնեք կոնկրետ անձի ձեռքը, պետք է բերեք փաստեր, թե չէ այդ մարդը կարդարանա, մի տեղ էլ կդառնա քաղբանտարկյալ»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանը էլի խոսում է օդից կախված լուրերի մասի՞ն՝ Ռուստամյանը պատասխանեց. «Օդից կախված լուրեր չեն: Երեւույթները եւ դրանց ապացույցը, որ մարդը պատժվի, կանգնի դատարանի առաջ, դրանք տարբեր գործողություններ են»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մանր օղակները թալանելը սովորել են վերեւներից՝ Ռուստամյանը պատասխանեց. «Բուրգի մեջ որ պրոբլեմներ կան եւ որ այդ բուրգի արատավոր լինելը փաստված է, մենք դրա մասին վաղուց ենք ասել: Հիմա այդ բուրգն ենք փոխում: Հիմա ամեն մեկն էլ մյուսից սովորել է գողանալ, ձեզ թվում է գողանալը վերջե՞րս է սկսել աշխարհում ի հայտ գալ: Մարդը ինչ առաջացել է, սկսել է մեկը մյուսից գողանալ»: Թե ո՞վ է թույլ տվել՝ Ռուստամյանը բացատրեց. «Գողությունը իր աճն ու զարգացումն ունի…թույլ տվողները մենք ենք եղել նաեւ: Մենք էլ ենք լռել, մեզ պետք է եղել, որ…մեկ-մեկ ո՞նց է լինում հարեւանի տունը մտնում են գողանում են, ինքը չի էլ ահազանգում, մինչեւ նրա տունը չմտնեն, մենք էլ ենք թույլ տվել»:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ ձուկը գլխից է հոտում՝ նա պատասխանեց. «Ձուկը ամեն տեղից էլ հոտում է, նայած ձուկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031