Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանի աղմկահարույց հայտարարությունը՝ եղել են ահազանգեր գող համայնքապետերի մասին, բայց պատժող չի եղել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 12:39

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ իրենց լիազորությունները չարաշահող, համայնքի փողերը տուն տանող համայնքապետերին այլեւս չի ներվելու: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեցին՝ նախագահի այս ելույթը որեւէ աղերս ունի՞ իրավական պետության հետ:

Ռուստամյանը սկսեց իր յուրօրինակ մեկնաբանությունը: Նրա խոսքով՝ քանի որ մենք դեռ խորհրդարանական համակարգի մեջ չենք, նախագահն ունի այդ լիազորությունը եւ պետք է բնականոն գործունեությանը հետեւի երկրում բոլոր մակարդակներում: Դա իր սահմանադրական լիազորությունների մեջ է: Նրա հորդորն ուղղված է նրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը պետք է ձգված աշխատեն:

Ինչ վերաբերում է չարաշահող համայնքապետերին՝ Ռուստամյանը հայտարարեց. «Ահազանգեր ունեինք, որ տարբեր համայնքներում համայնքապետերը նաեւ իրենց դիրքը չարաշահել են: Դրա մասին բարձրաձայնելը շատ կարեւոր նշանակություն ունի, որպեսզի հետագայում բոլոր մնացած պաշտոնյաները, որոնք պարտավոր են վերահսկել, իրենք նախեւառաջ վերահսկեն, ոչ թե փորձեն հովանավորել կամ թաքցնել նման դրսեւորումները: Ես նախագահի հայտարարությունները այդ ուղղությամբ եմ տեսնում, բայց վստահ եմ, որ դա պետք է կատարվի ոչ թե հայտարարություններով, այլ պետք է գործեն մեխանիզմներ, որոնք հենց իրենց համակարգված գործունեության արդյունքում պետք է բացառեն նման երեւույթները»:

Սերժ Սարգսյանը ամոթանք տվեց համայնքապետերին, որոնք գողանում են: Արմեն Ռուստամյանը հարցին՝ ամոթը իրավակա՞ն հասկացություն է, չունե՞նք իրավապահ մարմիններ՝ պատասխանեց. «Նախագահը քրեական գործեր հարուցելու իրավունք չունի, բայց հայտարարել այն մասին, որ այդպիսի երեւույթ գոյություն ունի եւ դա ամոթ է, ի՞նչ կա այդտեղ տարօրինակ»:

Ըստ Ռուստամյանի, սա նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր պետք է վեր հանեն բոլոր երեւույթները եւ իրավական հետաքննություն սկսվի, պատասխան տան: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, մինչեւ նախագահը չասի, չպե՞տք է զբաղվեն չարաշահողներով՝ Ռուստամյանը պատասխանեց. «Դժբախտաբար, գործող նախագահական համակարգը հենց այդպիսի մթնոլորտ, ըստ էության, երկրում ձեւավորել է: Հիմա դա պետք է փոխվի: Հրահանգներով չպիտի լինի, պիտի գործեն հստակ մեխանիզմներ եւ համայնքապետերն էլ իրենց պարտավորությունները կատարելու առումով պետք է զգան վերահսկողությունը: Մարդիկ պետք է իմանան, որ պատասխան պետք է տան դրա համար: Այո՛, եղել են դեպքեր, երբ որ այդ պատասխանատվությունը չի եղել: Եղել են ահազանգեր, որոնք մենք բազմիցս գիտենք, բայց դրանց հետեւից գնացող չի եղել: Դրանք բոլորը եղել են, դրա մասին էլ բարձրաձայնվում է: Կարծում եմ, արդեն իրավիճակն այնպիսին է, որ այսպես թե այնպես այդ ամեն ինչը պետք է տեղի ունենար եւ նախագահն էլ ասում է՝ այսուհետեւ իմացեք, որ այս գործընթացն իր հունով ընթանալու է»:

Հարցին՝ մինչեւ Նոր տարի հանգիստ պետք է շարունակեն տուն տանել բնակչության ունեցածը, հետո խաղի կանոնները փոխո՞ւմ եք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դուք այդպիսի հնարավորություններ մի՛ ընձեռեք համայնքապետերին մինչեւ Նոր տարի ազատ գործել: Սերժ Սարգսյանը չի տվել այդպիսի հնարավորություն, որ մինչեւ նոր տարի այդպես գործեն»:

Aravot.am-ը հարցրեց՝ այնպես հանգիստ եք ասում, որ տարել են, գողացել են ու չեն բռնվել, պատասխանատվության չեն ենթարկվել, բայց մենք աշխատավարձ ենք տալիս իրավապահ մարմիններին, ինչո՞ւ չարաշահողին չեն բռնել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես փաստերն եմ արձանագրում: Հիմա մենք գիտենք դրա մասին, բարձրաձայնել է հենց ինքը նախագահը: Այո, եղել է, որ չեն բռնվել, պատճառներն էլ գիտենք որտեղ են թաքնված: Պարզ եմ ասում, եթե մենք ունենք մի համակարգ, որտեղ արդարադատություն իրականացնելը պայմանավորված է մեկ անձով, բնականաբար, այդպես էլ լինում է: Արդարադատություն Հայաստանում չի իրականացվել լիարժեք: Եվ այն դատական իշխանությունը, որը մենք պետք է ձեւավորենք, այ դա լինելու է բոլորովին անկախ, չի ղեկավարվելու մեկ կենտրոնից, դատարանները մտնելու են իրենց ֆունկցիաների մեջ: Սա չի եղել ՀՀ-ում: Ես հանգիստ չե՛մ ասում, ասում եմ շատ մտահոգված, բայց նաեւ լուծումներով եմ հանդես գալիս: Սա նորություն չի, որ այս պայմաններում նման երեւույթներ եղել են, հիմա դրա դեմն առնելու ժամանակն է եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031