Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգված ֆայտոնչուն ծեծելու համար ընդամենը 50 հազար դրամ տուգանք

Դեկտեմբեր 11,2017 12:15

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գոռ Սարոյանը Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծի էր ենթարկել գյումրեցի ճանաչված ֆայտոնչի Գրիշի թոռին՝ դարբին Սամվել Մուրադյանին, որն, ի դեպ, 64 տարեկան է։

Սամվելը Մուրադյանը, սակայն, ոստիկանություն չէր դիմել, մինչև վերջ պնդել էր, որ ոտքը վնասվել է ֆայտոնից վայր ընկնելու պատճառով։ Իրավապահներին էր դիմել անցորդներից մեկը, որը փորձել էր հարթել միջադեպը, որին, սակայն, երիտասարդ ոստիկանը նույնպես ծեծել էր։

Չնայած այս պատմությունը տեղի ոստիկանությունում խիստ գաղտնի էին պահում՝ փորձելով կոծկել, անգամ ֆայտոնչի ծեծող ոստիկանի գործընկերներից մի քանիսը Գյումրու բժշկական կենտրոնի դիմաց ահաբեկել էին ֆայտոնչի Գրիշի թոռին, որպեսզի բժշկի չդիմի, սակայն Aravot.am-ի հրապարակումից վայրկյաններ անց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գոռ Սարոյանին ազատեց պաշտոնից։

Այս գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում։

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության․ «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս հարվածներ է հասցրել»:

Դեկտեմբերի 7-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ոստիկան Գոռ Սարոյանին մեղավոր է ճանաչել է ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով կատարած հանցագործություն կատարելու մեջ ու որպես պատիժ սահմանել է տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածը, որ կոչվում է «Ծեծը», սահմանում է․ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031