Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է, և շատ կարևոր է, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրեն. Ավետիք Իշխանյան

Դեկտեմբեր 11,2017 11:38

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:

Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»:

«Մենք չենք գնահատում, սա գնահատման մրցույթ չէ, մենք ցանկանում ենք մեծարել, ծափահարել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն վախեցել իրենց տեսակետն արտահայտելուց և արվեստը օգտագործել են՝ ի նպաստ շատ ավելի կարևոր մի նպատակի: Արվեստը հզոր գործիք է և ուժ, որը կարող է շատ մեծ խնդիրներ լուծել»,- «Ցեց» մրցանակաբաշխության բացմանն ասաց «Մեդիալաբի» և «Ցեց» երգիծաթերթի հիմնադիր-խմբագիր Մարիաննա Գրիգորյանը:

Վիզուալ արվեստ (գեղանկարչություն, սթրիթ արթ, տեսանյութ, ծաղրանկարներ) անվանակարգում շնորհվեցին 2 մրցանակ և 1 խրախուսական մրցանակ։

Խրախուսական մրցանակի արժանացավ Արփի Բալյանը սթրիթ արթի և «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում» ցուցահանդեսի համար։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ Միքայել Մարգարյանը (ՄիՔո) «Человек-Ցուցակ» և «Իմ քեռին չի» երգերի ու տեսահոլովակների համար։ Մրցանակակիրը ստացավ արծաթե ՑԵՑ կրծքանշան և դրամական պարգև:

Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ Սերգեյ Դանիելյանը «Ք1» առցանց հաղորդաշարի համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

Տեքստ (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա) անվանակարգում շնորհվեց 3 մրցանակ։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հրապարակախոսական հոդվածների համար:

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ նաև գրող Արմեն Հայաստանցին «Մայրենիք. դրոշ» վեպի համար։

Մրցանակակիրներին շնորհվեցին արծաթե ՑԵՑ կրծքանշաններ և դրամական պարգև:

Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը հրապարակախոսական հոդվածների համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

Ակցիա, երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս և այլն) անվանակարգում նույնպես շնորհվեց 3 մրցանակ։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը քաղաքացիական դիրքորոշման և ակտիվության համար:

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացան նաև «Թեք տեղ» թատերախումբն ու ռեժիսոր Նանոր Պետրոսյանը «Վերապատմում» ներկայացման համար։

Մրցանակակիրներին շնորհվեցին արծաթե ՑԵՑ կրծքանշաններ և դրամական պարգև։

Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ Արտակ Գևորգյանը քաղաքացիական ակտիվության և «ստվարաթղթե տանկով» ակցիայի համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

«Ես ողջունում եմ «Մեդիալաբին» և «ՑԵՑ»-ին շատ կարևոր խնդիր լուծելու համար. դա կարծրատիպերը կոտրելն է: Մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է, և շատ կարևոր է, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրեն, դա դժվար աշխատանք է, բայց շատ կարևոր: Ես հիանում եմ այս ծաղրանկարներով և այս աշխատանքով»,- ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով մրցույթի ժյուրիի անդամ էր:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց «Հոդված 3» ակումբում, որտեղ նախաձեռնողները կազմակերպել էին նաև քաղաքական ծաղրանկարի լվացք-ցուցահանդես:

Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ և տարբեր ոլորտներում աշխատող ՀԿ ներկայացուցիչներ:

 Լուսանկարներն՝ Անի Գեւորգյանի

MediaLab.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031