Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մտածում վարչապետը պետության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասին

Դեկտեմբեր 11,2017 11:26

Գաղտնիք չէ և բոլորը կվկայեն, որ բազմապիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այսօր մեր երկիրը հայտնվել է պայթյունավտանգ իրավիճակում: Մի կողմից անորոշ շարունակվող Ղարաբաղյան պատերազմը, մյուս կողմից տնտեսության բազմավեկտոր աղետալի վիճակը, երկիրը կանգնեցրել են բազմապիսի մարտահրավերների առջև: Եթե փորձենք այս ամենը ներկայացնել թեկուզ ընդհանուր գծերով, ապա այն հաստատ հատորների նյութ է, ուստի կփորձեմ խոսել միայն կառավարության կողմից իրականացվող վճարովի ծառայությունների մատուցման գնային քաղաքականության մասին, այն էլ մեկ-երկու մասնակի ոլորտներում և դարձյալ ընդհանուր գծերով:

Պետությունն ունի մի շարք մենաշնորհային ծառայություններ, որոնք միայն ինքն է մատուցում ժողովրդին: Դրանց թիվը բավականին շատ է և այս կարճ նյութում բոլորի մասին խոսել ուղղակի անհնարին է, ուստի կփորձեմ բարձրաձայնել դրանցից մի երկուսի մասին, չնայած բոլորն էլ շատ կարևոր են: Մասնավորապես, կխոսենք կադաստրի պետական կոմիտեի և նոտարիատների կողմից մատուցվող ծառայությունների սակագների մասին: Եթե բարձրաձայնենք միայն բնակարանի (անշարժ գույքի) գրավադրման ժամանակ կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող 2 ծառայությունների՝ գույքի միասնական և գրավադրման տեղեկանքների տրամադրման մասին, ապա դրանց սակագները համապատասխանաբար արժեն 10 000 և 27 500 դրամ՝ առանց միջնորդական ծառայությունների վճարների:

Անկախ նրանից, թե այս սակագները կարգավորվում են օրենքով, թե այլ իրավական ակտերով և ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել սույն սակագները նշանակելիս, մի բան ակնհայտ է, որ վերը նշված ծառայությունների համար պահանջվող հիշյալ սակագները բացարձակ համարժեք չեն այդ ծառայությունների իրականացման համար կատարված աշխատանքին:

Ասվածը պարզ պատկերացնելու համար, նշենք միայն, որ նշված տեղեկանքները ստանալու համար, մի քանի կոճակի օգնությամբ անշարժ գույքի համակարգչային ընդհանուր բազայից հանվում են այդ տվյալները և դրանք մուտքագրվում են պատրաստի համակարգչային ձևաթղթերի մեջ և եռօրյա ժամկետում՝ տեղեկանքի ձևով տրամադրվում հաճախորդին: Այդ աշխատանքը աշխատողից կարող է խլել մի քանի րոպե ժամանակ, որի համար պահանջում են 27 000 դրամ գումար:

Կարծում եմ, որ այս տեսակի ծառայությունների տրամադրումը պետք է լինի տվյալ գերատեսչության աշխատակիցների սուրբ պարտականությունը և դրանք պետք է արվեն լրիվ անվճար: Եթե նույնիսկ կոմիտեի կանոնադրության մեջ երբեմնի կատարվել են ժողովրդին վճարովի ծառայություններ մատուցելու վերաբերյալ համապատասխան փոփոխություններ, ապա դրանք պետք է շատ արագ փոխվեն և այդ գործառույթներն աշխատակիցների համար դառնան աշխատանքային պարտականություններ, որպեսզի տվյալ ծառայությունների տրամադրման համար դիմելիս ժողովրդից ոչ մի լումա գումար չպահանջվի:

Նույնը վերաբերվում է կոմիտեի կողմից այլ վճարովի ծառայությունների մատուցմանը: Ինչ է նշանակում նաև այն, որ այդ նույն տեղեկանքներին առնչվող նոտարական գործարքի վավերացման համար պետք է վճարեն 20 000 դրամ գումար, որի իրականացման գործընթացը ևս տևում է մի քանի րոպե: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ թոշակառուն ամբողջ ամսվա համար ստանում է միջին հաշվով մոտ 30 000 դրամ գումար, ապա այս ֆոնի վրա նույն ժողովրդի համար մատուցվող վերը նշված ծառայությունների սակագների չափերը մեղմ ասած՝ բացարձակ անհիմն են: Այլ խոսքով, դրանք ուղղակի օդից վերցրած թվեր են:

Անկեղծ ասած, այս պահին չեմ տիրապետում պետության կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն կարծում եմ, որ վերը նշված սակագնային քաղաքականությունը համարյա նույնությամբ ներդրված է մնացած բոլոր ոլորտներում ևս: Եթե սահմանադրությամբ մեր պետությունը նաև սոցիալական է, ապա պետությունն ինչու պետք է ժողովրդին մատուցի վճարովի ծառայություններ: Յուրաքանչյուր պետության սուրբ պարտքը պետք է լինի սեփական ժողովրդին անվճար ծառայությունների մատուցումն այնպես, ինչպես ծնողն է երեխայի համար անվճար կատարում իր պարտականությունները:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ մի դեպքում միայն իմաստ ուներ այս թեմայի մասին չբարձրաձայնելը, եթե այդ սակագները տեղավորվեին խելամտության սահմաններում: Ասենք օրինակ, եթե դրանք տեղավորվեին 1 000-ից 2 000 դրամի սահմաններում, որը ևս հեշտ չէ վճարելը այսպիսի աղքատության պայմաններում գոյատևող ժողովրդի համար, ապա ինչ-որ կերպ հասկանալի կլիներ…

Կարծում եմ, վերը ասվածը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կարծիքն է, այնպես որ ժողովրդի այսպիսի աղքատության և առկա վայրի գնաճի պայմաններում վարչապետի և ողջ կառավարության թիվ մեկ գերխնդիրը պետք է լինի վերը նշված մտահոգությունների փարատումը՝ առանց վայրկյան կորցնելու, առաջին հերթին գլխիվայր փոխելու վճարովի ծառայությունների մատուցման ողջ սակագնային քաղաքականությունը:

Ասվածն իրականություն դարձնելու համար, ընդամենը պետք է մտահոգ լինել սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ունենալ բարի կամք և հաշվի առնել ժողովրդի ծայրահեղ աղքատ վիճակը, քանզի փառք Աստծո, այս հարցում որևէ տիպի ներդրումների կարիք չկա: Մնացած բարեփոխումների իրականացումը կարելի է թողնել հաջորդ դասին:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, վերլուծաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031