Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն չի մերժի ողջամիտ առաջարկները

Դեկտեմբեր 11,2017 13:30

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը` պաշտոնանկությունների, պաշտոնյաների եւ ունեւորների զավակների ծառայելու, «1000 դրամների» օրենքի արդյունավետության մասին:

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը՝ ասաց, որ վերջինս թերացել է իր պարտականությունների կատարման մեջ: Կմանրամասնե՞ք, ի՞նչ պարտականություններ է թերի կատարել Հայկազ Բաղմանյանը: Արդյոք դրանք կապ ունեի՞ն ապրիլյան պատերազմի հետ:

– Ես ոչինչ չեմ կարող ավելացնել նրան, ինչ նախարարն արդեն ասել է:

– Այդ պաշտոնանկությունը կապ ունե՞ր Հայկազ Բաղմանյանի անվան շուրջը պտտվող տարբեր սկանդալային պատմությունների հետ:

– Պիտի կրկնվեմ. բավարարվենք նրանով, ինչ ասել է նախարարն այդ առնչությամբ:

– Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը քննադատեց Վիգեն Սարգսյանին. ասաց` մարդը, ով ներդրում չի ունեցել բանակում, հայտարարում է` գեներալը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ…

– Ինչքան քաղաքացի, այնքան կարծիք: Ի՞նչ ասեմ: Իր արտահայտվելու իրավունքն է, ինքն էլ արտահայտվել է:

– Հայկազ Բաղմանյանը միակ գեներա՞լն է, որ պաշտոնանկ արվեց, թե՞ այսպիսով սկիզբ կդրվի համակարգում արմատական փոփոխությունների: Մանավանդ, Վիգեն Սարգսյանը պաշտոնավարման սկզբում ասաց` փոփոխություններ են լինելու: Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ ոչ բոլոր պաշտոնյաներն են իրենց տեղերում:

– Հազարամյակներ առաջ ասվել է` մի գետը երկու անգամ մտնել չի կարելի: Դեռ առնվազն 2,5 հազարամյակ առաջ քաղաքակրթության օրրաններ Հունաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, ասում են` բուդդայիզմի մեջ էլ, ժամանակը հոսելու, ամեն ինչ դինամիկայի մեջ տեսնելու գաղափարն է: Երբ ասում ենք՝ փոփոխություն, յուրաքանչյուր ժամանակ, իհարկե, բերում է իր փոփոխությունները: Կոնկրետ այն, ինչի մասին խոսում եք, էլի պիտի կրկնվեմ` բավարարվեք նրանով, ինչ պաշտպանության նախարարը հայտարարել է: Նկատի ունեմ պաշտոնանկությունները:

Ընդհանրապես, կարծում եմ, որ ոչ մեկիս պատիվ չի բերում, երբ մարդը պաշտոնանկ է արվել ու անընդհատ խոսվում է ինչ-ինչ թերացումներից: Արցախյան հերոսամարտում նրա անուրանալի ներդրման մասին կարծես թե ընդհանրապես մոռանում ենք: Ցանկացած մարդ ունի ե՛ւ լավ, ե՛ւ ոչ այդքան լավ հատկանիշներ, ձեռքբերումներ, թերացումներ. ամեն ինչ այդ հավասարակշռության մեջ պետք է ներկայացվի, չարժե ամեն ինչ խտացված գույներով ներկայացնել: Սա որեւէ լավ հանգրվանի չի բերում: Ժամանակ կանցնի, նաեւ հանրությանը հուզող ցանկացած հարց` իր ամենայն մանրամասնությամբ… ճշմարտությունը, միեւնույն է, այսպես թե այնպես, ամենայն մանրամասնությամբ կմատուցվի:

– Դուք կարծում եք, որ Արցախյան պատերազմում ունեցած ներդրումը, թեկուզեւ մեծ ներդրումը, թո՞ւյլ է տալիս, որպեսզի հետագա կյանքում մարդն իրեն արարքներ թույլ տա, որոնցով կստվերի հենց իր ներդրումները:

– Իմ ասածից դա չի հետեւում: Ես ընդամենն ասում եմ` մարդուն ներկայացնելիս, որպեսզի ամբողջական պատկեր լինի, անհրաժեշտ է նաեւ բոլոր ձեռքբերումների, նրա անուրանալի ներդրման մասին էլ խոսենք:

– Շատ քննադատվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում գումարի չափի 100 տոկոսով ավելացնելը: Նախկին 100 հազար դրամի փոխարեն այժմ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ տուգանք կվճարեն: Ընդդիմախոսներն ասում են` փակուղային իրավիճակ ենք ստեղծում`փակելով մեր 11 հազար քաղաքացիների ճանապարհը հայրենիք:

– Բնական է, որ քննադատողներ կլինեն: Բայց եթե ձեր նշած 11 հազար ՀՀ քաղաքացիները խուսափում են ծառայությունից, ապա ճիշտ կլինի ասել, որ խոսքը 11 հազար քաղաքացիների մասին է: Իրերն իրենց անուններով ներկայացնենք: Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի պետության վերաբերմունքն այդ դասալիքների նկատմամբ: Ինչո՞ւ պիտի մնացած տասնյակ հարյուր հազարավորները ծառայեն նաեւ նրանց փոխարեն: Այս հարցի պատասխանն էլ փորձենք տալ:

– Դուք անընդհատ արդարության սկզբունքն եք մատնանշում, բայց մարդկանց վրդովեցնում է, որ այդ սկզբունքը պաշտոնյաների եւ օլիգարխների զավակների վրա չի տարածվում:

– Ես, մի քանի ամիս ծառայելով պաշտպանության նախարարությունում, ասեմ, որ գույները խիստ, բազմապատիկ չափազանցված են: Իրականությունն այնպես չէ, ինչպես հանրության մոտ տեսակետ կա, որ պաշտոնյաների կամ որոշակի ունեցվածքի տեր մարդկանց զավակները բոլորը խուսափում են ծառայությունից: Դա իրականությանը չի համապատասխանում: Բանակում ծառայում են ե՛ւ ունեւորների, ե՛ւ պաշտոնյաների զավակներ:

– Համենայնդեպս, առաջնագծում չեն ծառայում, ապահով զորամասերում են:

– Չէի ասի: Էլի իրականությանը չի համապատասխանում այն, ինչի մասին որ խոսում ենք: Եթե ինչ-որ մի ձեւով հնարավոր լինի գաղտնազերծել եւ ցույց տալ, թե այդ մարդիկ որտեղ են ծառայում… բայց դա, ես կարծում եմ, նրանց անվտանգությունն ապահովելու առումով ճիշտ չէ, ինքներդ կհամոզվեք, որ այն, ինչի մասին խոսում ենք, եւ իրականությունն իրար հետ աղերս չունեն: Դարձյալ` գույները չափազանց խտացված են:

– Նախարարությունում քննարկվո՞ւմ է «1000 դրամների» օրենքում փոփոխություն, որպեսզի գանձումներն ըստ մարդկանց եկամտի արվեն, ոչ թե հավասարապես հազարական դրամ:

– Ինձ հայտնի չէ, որ նման փոփոխություն նախապատրաստվում է, որովհետեւ, ինչպես ասացիք, «1000 դրամների» օրենքն իր նպատակին ծառայում է: Պաշտոնի բերումով հանրապետության տարբեր մարզերում եւ քաղաքներում ես մասնակից եմ եղել հուղարկավորության եւ հոգեհանգստի արարողություններին, ցավոք… իհարկե, գլխահակ, կորստի ու ցավի զգացումով ես մասնակցում, բայց նաեւ հասկանում ես, որ շնորհիվ այդ օրենքի որդեկորույս ընտանիքները միայնակ չեն իրենց ցավի մեջ: Միայնակ չեն այն առումով, որ այդ պահից սկսած եւ հետագա 20 տարիների ընթացքում պետությունն այս պահի դրությամբ այդ ընտանիքի համար անում է առավելագույնը` շնորհիվ այդ օրենքի: Օրենքը հրաշալի ծառայում է իր նպատակին: Եթե լինեն առաջարկներ, որոնք այդ հրաշալին կդարձնեն փայլուն, թող առաջարկեն: Մենք որեւէ ողջամիտ առաջարկ չենք մերժի միայն այն պատճառաբանությամբ, որ դա մեր առաջարկը չէ:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

09.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031