Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը ժողովրդական զանգվածին ներգրավելն է

Դեկտեմբեր 11,2017 13:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հանրապետությունը իր քաղաքական, տնտեսական, մշակույթի բնագավառներում հայտնվել է կոռուպցիայի ճիրաններում, որը բերել է բարոյական աննախընթաց անկման: Կոռուպցիան արգելակում է երկրի զարգացմանն ու առաջընթացին, քանի որ մտածելակերպ է դարձել: Դպրոցականը, ուսանողը երազում են՝ երբ կյանք մտնեն, անպայման կոռուպցիոն համակարգի մաս կկազմեն եւ այդպես կունենան իրենց տեղը վերնախավում:

Հակակոռուպցիոն պայքարի կազմակերպման գործում կառավարությունը երբեմն համապատասխան մարմին է ստեղծում, որն ի վերջո վերածվում է կոռուպցիային նպաստող համակարգի մի մասի, ուստի եւ կոռուպցիան նվազեցնելու նման միջոցառումը հակառակ արդյունք է տալիս: Ասենք՝ բուհերի կաշառքի մեջ մեղադրվող 100 դասախոսների բանտ նետեցիք, որեւէ արդյո՞ւնք կտա: Իսկ հանրահայտ է, որ կալանավայրերում յուրաքանչյուր չորս հոգուց մեկը հանրության համար վտանգ չի ներկայացնում:

Այս պայմաններում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի միակ միջոցը ժողովրդական զանգվածին ներգրավելն է: Նման հարուստ փորձը առկա է զարգացած երկրներում: Քանի որ մեր երկրի կառավարումը իրականացվում է միակողմանի՝ ուղղաձիգ վերեւից ներքեւ, ապա այն դատապարտված է անհաջողության, քանի որ բնության մեջ ցանկացած շարժում փակ համակարգ է կազմում՝ սկսած երկնային մարմիններից մինչեւ էլեկտրոնները: Բնության պահպանության եւ փոխակերպման համակարգը եւս փակ համակարգ է:
Մեր օրինակում երկրի կառավարման համակարգը փակ շղթա կդառնա ժողովրդի ներքեւից վերեւ ձգվող ակտիվ մասնակցությամբ: Այն կարող է աստիճանական լինել: Առաջին աստիճանում մարզային հակակոռուպցիոն կենտրոններն են, որտեղ ընդգրկված կլինեն ազնիվ մտավորականներ ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այս գործում անպայման ընդգրկվում են առաջին ատյանի դատարաններն ու իրավապահ մարմինները, լրատվամիջոցները: Մարզային կենտրոնները ընդունում են բնակչության բողոք նամակները, վերլուծում, ուղղորդում դեպի համապատասխան մարմինները: Ի դեպ, նամակի յուրաքանչյուր հեղինակ իր հերթին պատասխանատվություն է կրում:

Մեղադրական հիմնական միջոցը պետք է լինի դրամական տուգանքը: Խնդիրը ոչ թե տարբեր բնագավառներում խախտում կատարած անձանց դատապարտելն է, այլ, որ յուրաքանչյուր ոք զգա՝ իրեն հսկում են: Լրատվամիջոցները շատ բան պետք է անեն ապացուցելու, որ ժողովրդի կողմից հսկողությունը ոչ թե «գործ տալ» է, ինչպես համոզված պնդում են որոշ պատգամավորներ, գործարարներ ու պաշտոնյաներ, այլ ներկա պայմաններում երկիրը կարգավորելու միակ եղանակն է: Նման դեպքում ժողովուրդն էլ է վերափոխվում, զգում, որ ինքն էլ է պատասխանատու երկրի ճակատագրի համար:
Մտածելակերպի փոփոխությունը մի քանի ամսում իրեն զգացնել կտա. հասարակությունը կզգա, որ ինքը մասնակից է երկրի կառավարմանը: Արդյունքում կնվազի արտագաղթը, տարբեր բնագավառներում կտեսնենք վերընթացը, երկրի բյուջեում զգալի կաճեն դրամական հոսքերը, հանրությունը աստիճանաբար կվերադառնա իր բարոյահոգեւոր արմատներին:

Հակակոռուպցիոն համակարգում հաջորդ աստիճանը հանրապետական վերլուծական կենտրոնն է, որը, մարզային կենտրոններից ստանալով նյութերը, համապատասխան զեկուցագրեր է հանձնում Ազգային ժողովին, կառավարությանն ու նախագահի վարչակազմին:

Անշուշտ առաջարկվող համակարգը պետք է մանրազնին մշակվի, որպես օրենք առաջարկվի Ազգային ժողովի կողմից ընդունմանը:

 

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս
«Շուշի» հիմնադրամի նախագահ
06.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031