Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք ապրելու, մեկ ա՝ ձեզ սպանելու եմ»

Դեկտեմբեր 11,2017 12:30

Հարսին եւ նրա հորը սպանելու գործով 10 տարով ազատազրկված պատվիրատու
տալի համար պաշտպանը պահանջում է արդարացման դատավճիռ

Ամուսնու ծնողների մահից հետո՝ 2011 թվականին վանաձորցի Լուսինեի եւ հանգուցյալ ամուսնու քրոջ՝ Սուսաննա Պապոյանի միջեւ վիճաբանություններ են առաջացել` կապված տան ժառանգության ձեռքբերման հետ: Տեղի դատարանում լսվել են այդ վեճի հետ կապված քաղաքացիական գործեր: Սուսաննայից հօգուտ հարսի 27.000.000 ՀՀ դրամ պետք է բռնագանձվեր:

Քրեական գործի նյութերի համաձայն, 2014 թ. նոյեմբերին Սուսաննա Պապոյանը հանդիպել է բարեկամին՝ Արմեն Պապոյանին, ում պատմել է իր եւ հարսի միջեւ առկա տան վեճերի մասին։ Սուսաննան մի անգամ էլ Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում հանդիպել է Արմենին, նրա ընկերոջը՝ Ավետիս Խաչատրյանին:

Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության, հենց այդ ժամանակ էլ Սուսաննան պատվիրել է, «դրդել է կազմակերպել» Լուսինեի եւ նրա հոր՝ Հրանտ Բաբայանների սպանությունները:

Սուսաննան Արմենին եւ Ավետիսին առաջարկել է գտնել սպանություններն անմիջական կատարող անձի, դրա դիմաց խոստանալով 10.000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր սպանության համար 5000-ական ԱՄՆ դոլար: Նա 2015 թվականի հունվարին Արմենի եւ Ավետիսի հետ գնացել է Վանաձոր, ցույց է տվել հարսի եւ նրա հոր բնակության վայրը, տվել լուսանկարներ: Բնակարանները հարակից էին:

Ի դեպ, թիրախավորված հայրը մշտապես դատական ատյաններում քաղգործերով իր դստեր ներկայացուցիչն է եղել:

Սպանության եղանակներից մեկը, որը նախատեսվում էր, խեղդամահ անելն էր նրանց՝ իրենց բնակարաններում, եւ իմիտացիա ստեղծելը, թե հափշտակություն է տեղի ունեցել: Մինչ Հունաստան մեկնելը, Սուսաննան մեկ այլ տարբերակ էլ էր մտածել. բարձրությունից հնարավոր զոհերին գցելու:

Արմեն Պապոյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում հաղորդում է տվել նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ՝ այդպիսով կանխելով Սուսաննայի ոճրագործությունը:

Առաջադրված մեղադրանքում Սուսաննան իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա մինչ կալանավորվելը, ցուցմունք է տվել որպես վկա, հայտնելով, թե թշնամություն չունի նրանց նկատմամբ: Հրաժարվել է, թե իր կողմից որեւէ նախապատրաստական գործողություն է եղել հարսի ու հոր սպանությունները կազմակերպելու համար: Նա ասել է, որ եղբոր մահվանից հետո շփվել է տուժողների հետ, քանի որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 3-4 տարի քննվում է քաղաքացիական գործ` կապված իր հայրական տան հետ։

Ինչ վերաբերում է իրավապահներին հաղորդում տված Արմենին, ամբաստանյալը հայտնել էր, թե հորեղբոր կինն ասել է, որ իրենց ընդհանուր բարեկամներից մեկի որդին տաքսի է վարում եւ տվել է Արմենի հեռախոսահամարը։ Զանգել է Արմենին, հիշեցրել է, թե ում աղջիկն է եւ մի քանի անգամ էլ օգտվել է տաքսի ծառայությունից:
Մի քանի անգամ գնացել է տաքսիով Վանաձորի դատարան նիստի, ապա Երեւան՝ ՀՀ վերաքննիչ դատարան։ Ամբաստանյալը հիշել էր նաեւ, որ մի անգամ Արմենն իր տուն է կանչել հարազատ քրոջը, փորձել է հաշտեցնել, քանի որ քրոջ եւ իր միջեւ առկա էին ֆինանսական խնդիրներ:

Արմենին եւ նրա ընկերոջը տեսել է վերաքննիչ դատարանի նիստից հետո:
Գնացել են խաշ ուտելու: Մի անգամ էլ Ավետիսի հետ երեքով հանդիւպել են, սուրճ խմել եւ Արմենն ու Ավետիսը զրուցել են իրար հետ, սակայն «չի հիշում, թե Բաբայանների մասին խոսք եղե՞լ է, թե՞ ոչ»։

Տուժող Հրանտ Բաբայանը դատարանին հայտնեց, որ ապրումներից ձեռք է բերել մի շարք հիվանդություններ` դիաբետ, ինսուլտ է տարել, սթրես։ Նա դատարանից պահանջել է տասը տարով ազատազրկում. «Նրա տեղը կալանավայրում է, Սուսաննան չի ուղղվել եւ չի էլ ուղղվելու։ Լուսինեին սպառնացել է, թե սպանելու է նրան, երեխային, ծրագրել է ծանր հանցագործություն»։ Ի դեպ, տուժողը հինգ միլիոն դրամի չափով քաղհայց էր ներկայացրել դատարան, որպես առողջությանը հասցված վնաս։ Ըստ տուժողի՝ ամբաստանյալի հետ թշնամության պատճառը տունը եւ գույքն է եղել։

Դատական գործընթացի ժամանակ պարզվեց, որ երբ տաքսու վարորդի եւ նրա ընկերոջ հետ Սուսաննան գնացել է Վանաձոր, նկարել հարսի եւ նրա հոր բնակարանները, այդ ամենը տեսել են հարեւանները, այլ անձինք։ Ամբաստանյալը հարսին, նրա երեխային անվերջ սպառնացել է՝ «Չեք ապրելու, մեկ ա` ձեզ սպանելու եմ…»։ Եղբոր անչափահաս երեխան պատմել է, որ տեսել է Սուսանին, որն ասել է. «Գող մայրդ ո՞նց է, մեկ ա սպանելու եմ»։

Մի քանի անգամ Սուսաննայի հարցով տուժողները դիմել են ոստիկանություն եւ դատախազություն, քննչական:

Ըստ քաղգործի նյութերի, 2011 թվականի օգոստոսին վիճելի տունը մի անգամ անցել է Սուսաննային: Ի դեպ, Սուսաննան միայնակ մայր է:

Գալիք տարվա հունվարի 16-ին նշանակվեց բողոքի քննությունը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031