Գյումրեցի ճանաչված բանաստեղծ Սամվել Մարգարյանը ընթերցողի գրասեղանին դրեց իր 28-րդ գիրքը՝ «Հերոսապատում» վերնագրով: Այն լույս է ընծայել «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը: Գիրքը բանաստեղծական, գեղարվեստական պատում է դիցաբանական ժամանակներից մինչեւ Արցախյան ազատամարտ ընկած դարաշրջաններում գործած հայ հերոսաշունչ արքաների, սպարապետների, հրամանատարների եւ շարքային ռազմիկների մասին, որոնց անունները ընդմիշտ դրոշմվել են հայոց պատմության էջերում: Այն բացվում է «Հայկյան բանակ» պոեմ-վիպերգով եւ ավարտվում անհայտ մնացած հերոսներին նվիրված ձոներգով: ՀԳՄ կլոր դահլիճում տեղի ունեցավ սույն գրքի շնորհանդեսը:
Այն բացեց ՀԳՄ նախագահ Է. Միլիտոնյանը, որն անդրադարձավ հեղինակի ստեղծած գրական ողջ ժառանգությանը: «Հերոսապատում» գրքի արժանիքների շուրջ ծավալուն խոսքով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ.Դեվրիկյանը, մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Ա. Ավագյանը, ՀԳՄ վարչության քարտուղար Պ.Դեմիրճյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շ. Մկրտչյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խ. Բադիկյանը, պետական, հասարակական գործիչ Դ. Հարությունյանը, «Սողոմոն Թեհլերյան» հ/կ նախագահ Ռ.Դարբինյանը, շիրակցի գրողներ Ա. Գեւորգյանը, Ա. Արթյանը, Հ.Հառիճեցին, բանասիրական գիտությունների դոկտոր Գ. Խաչիկյանը: Վերջում երախտիքի խոսք ասաց «Հերոսապատում» գրքի հեղինակը եւ կարդաց իր գործերից:
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ»
09.12..2017