Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ չեմպիոնների աչքերով. հետերկրաշարժյան սերնդի երազանքը

Դեկտեմբեր 11,2017 11:30

1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի, սակայն «հումորի մայրաքաղաք» Գյումրիում դեռ չեն վերացել աղետի թողած դառը եւ տխուր հետքերը: Չնայած ժանգոտ, մաշված տնակներին ու կիսաքանդ շենքերին՝ քաղաքը շարունակում է ուրախացնել հայ ժողովրդին՝ անընդմեջ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ տալով ու մարզական ոսկին, արծաթը մեր երկիր բերելով։

Զրուցեցինք չեմպիոններից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ի՞նչ փոփոխություններ կուզենային տեսնել իրենց ծննդավայրում, ինչպիսի՞ն է իրենց երազանքների Գյումրին։

Բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը մեզ հետ զրույցում ասաց. «Ես առաջին հերթին կցանկանայի, որ մեր քաղաքում, բոլոր տնակներում բնակվող ընտանիքներն ապրեն լավ, բարեկարգված բնակարաններում: Նաեւ ուզում եմ մեր քաղաքից չքավորությունն ու աղքատությունը վերանա: Քաղաքի հին տեսքից ոչինչ չէի ուզենա փոխել, քանի որ մեր Գյումրին հենց իր հնությամբ է աչքի ընկնում, հենց դա է իր գեղեցկությունը: Եվ շատ կուզենայի, որ այն, ինչ ունի մեր քաղաքը, մենք միայն կարողանանք պահել եւ ավելի զարգացնել»:

Ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կուզենար փոխել մեր քաղաքում, ասաց. «Դե, Գյումրին չեմ ուզենա ոչ մի բանով նմանվի ուրիշ քաղաքների, քանի որ մեր Գյումրին կոլորիտով ու ուրույն դիմագծով քաղաք է, առանձնանում է մյուսներից: Տարբերվում է շատ ու շատ քաղաքներից՝ թե՛ արվեստի բնագավառում տված մեծ անուններով, թե՛ սպորտի ոլորտում տված աշխարհահռչակ մարզիկներով, որոնց թիվը մեր քաղաքում այնքան շատ է, որ դրա կեսը չունեն անգամ շատ պետություններ»:


Սամբիստ՝ պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այն, ինչ ունի մեր Գյումրին, դա իրեն է առանձնահատուկ»:

Գյումրեցի սամբիստն էլ կուզենար իր քաղաքը տեսնել նորակառույց շենքերով եւ բարեկարգված։ «Ես կուզենայի, որ մեր քաղաքում լինեին նորակառույց շենքեր: Ուզում եմ Գյումրիում շատ աշխատատեղեր լինեն՝ բարձր աշխատավարձով, որ Գյումրեցու դեմքին միշտ ժպիտ լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 

Այս թեմայով զրուցեցինք նաեւ Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նրա անձնական մարզիչն է, ինչպես նաեւ Արթուր Ալեքսանյանի անունը կրող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի տնօրենն է: Մարզիչը, լինելով մինչերկրաշարժյան սերնդի ներկայացուցիչ, մեզ հետ զրույցում նշեց. «Ես իմ պատանեկան եւ երիտասարդական տարիներին տեսել եմ Գյումրին որպես Սովետական միության քաղաք եւ շատ եմ երազել տեսնել ավելի լավ քաղաք:

Մինչ երկրաշարժը մեր Գյումրին շատ էր բարգավաճել եւ լավ տեսք էր ստացել, սակայն երկրաշարժից հետո շատ դժվար ժամանակներ եկան մեր քաղաքի համար։ Բայց հիմա նորից Գյումրին սկսեց վեր հառնել, սկսվեց նոր Գյումրիի սկիզբը։ Ես կուզենայի Գյումրին տեսնել ավելի ժամանակակից: Հիմա մեր քաղաքում ավելի շատ սկսում է զարգանալ առեւտուրը, ամեն քայլափոխի հանդիպում ենք խանութների, կարծես միայն մանր բիզնեսն է արագ զարգանում: Բայց ավելի շատ պետք է մտածել երիտասարդների, պատանիների, ինչու չէ՝ նաեւ մեր տարիքի մարդկանց համար ժամանցային վայրեր ստեղծելու մասին, որպեսզի երեկոյան ժամերին ավելի շատ կարողանանք ժամանակ անցկացնել մեր քաղաքում, շատ շփվենք միմյանց հետ, նաեւ ունենանք նոր ծանոթություններ: Բացի այդ, կուզենայի՝ մեր քաղաքում ավելանային սպորտային կառույցները։ Ես այն կարծիքին եմ, որ այն քաղաքը, որը չունի լավ մարզական կառույցներ, ու քիչ մարդիկ են զբաղվում սպորտով, ուրեմն այդ քաղաքում հիվանդանոց այցելողների թիվն է շատանում»:

 

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

09.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031